Վարդան Ղուկասյանը քաղաքապետի ընտրություններում չի՞ առաջադրվի

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը, գրում է 1-in.am լրատվական կայքը: Ըստ իրենց ունեցած տեղեկությունների, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Գյումրիում առաջադրել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը, իսկ Վարդան Ղուկասյանին հասկացրել է, որ մի կողմ քաշվի: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել է ընդդիմանալ Բալասանյանի թեկնածությանը և ԲՀԿ-ից այլ թեկնածու առաջադրել, ինչին Սերժ Սարգսյանը դեմ է եղել:
Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս ասել է, թե Ղուկասյանն անպայման առաջադրելու է թեկնածությունը: «Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Շաբաթը մի անգամ չգիտեմ ով նման ինֆորմացիա է շրջանառում: Վարդան Ղուկասյանն առաջադրելու է իր թեկնածությունը, այդ մասին վաղուց ասել ենք: Մեր հետևում մոտ 40 հազար գյումրեցիներ են, ովքեր 14 տարի շարունակ իրենց ձայնը տվել են կառուցող քաղաքապետին: Այդ ավյունով էլ մենք գնում ենք ընտրություններին»,- ասել է մամուլի քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս