
Զանիերը Բաքվի մեսիջը Հայաստանի նախագահին կփոխանցի վաղը

ԵԱՀԿ-ն անհանգտացած է ԼՂ հակամարտության գոտու շփման գծում միջադեպերով: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Նա նշել է, որ հուլիսի 12-ին նախատեսված են իր հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Քննարկվող թեմաների մեջ կլինի նաեւ շփման գծում տիրող իրավիճակը, վերջին միջադեպերը: «Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի նման միջադեպերը ապագայում չկրկնվեն»,-ընդգծել է Լամբերտո Զանիերը:
Նա հիշեցրել է, որ Երեւան է ժամանել տարածաշրջանային այցելության շրջանակներում եւ արդեն այցելել է Բաքու եւ Թբիլիսի:
Հարցին, թե ինչ մեսիջ է նա իր հետ բերել Բաքվից, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Վաղը հանդիպումների ժամանակ ես այդ մեսիջները կփոխանցեմ իմ զրուցակիցներին»: