ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական զորավարժությունները ունակ չեն խանգարել ընտրություններին
Ադրբեջանի ազգային բանակը ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ հերթական լայնածավալ զորավարժություններ է սկսել ճակատային գոտում:
ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը այս կապակցությամբ հավաստիացրել է, որ դրանք ոչ մի առնչություն չունեն Ղարաբաղի առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
«Եթե նույնիսկ ունենան էլ, որևէ կերպ չեն կարող ազդել անցկացվելիք ընտրությունների գործընթացների վրա»,-ասել է Ս. Հասրաթյանը: Իսկ այն հարցին, թե արդյոք օդային ուժերի կիրառումը այնպիսի սադրանք չի ենթադրում, ինչպիսին եղավ մոտ մեկ ամիս առաջ, Հասրաթյանը պատասխանել է, որ վտանգավոր ոչինչ չկա, քանի որ Ղարաբաղի օդային ուժերը պատրաստ են դիմադրել ցանկացած սադրանքի:
Նշենք, որ Ադրբեջանը ճակատային գոտում լայնածավալ զորավարժությունները սկսել է հուլիսի 9-ին և շարունակելու է մինչև շաբաթվա վերջ: