Թուրքիայի ՊՆ ղեկավարը հրապարակել է քրդերից կրած իրենց կորուստները

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում թուրքական անվտանգության ուժերի կրած կորուստների մասին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Գյուրքյութ Աջարը նրան խնդրել է հրապարակել վերջին 30 տարվա ընթացքում PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստների մասին տվյալներ: Աջարը ցանկացել էր իմանալ նաև թե զոհված կամ վիրավոր զինծառյողներից քանի՞սն են եղել սպաներ ու ենթասպաներ:
Այս կապակցությամբ Իսմեթ Յըլմազը, հիշեցնելով, որ Թուրքիայում PKK-ի ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին, հայտարարել է, որ 2012 թվականի հունիսի 8-ի դրությամբ այդ պայքարում զոհվել է 6169 և վիրավորվել է 4008 զինծառայող:
Յըլմազի խոսքերով՝ զոհված զինծառայողներից 411-ը սպաներ են, իսկ 375-ը՝ ենթասպաներ, 585-ը՝ սերժանտներ, 4798-ը՝ շարքայիններ, ընդհանուր՝ 6169: Վիրավոր զինծառայողների պարագայում պատկերը հետևյալն է՝ 256 սպա, 263 ենթասպա, 401 սերժանտ, 3088 շարքային, ընդհանուր՝ 4008 զինծառայող:
Յըլմազը հավելել է, որ իրենք ավելացրել են վտանգավոր գոտում զինծառայություն կատարող և PKK-ի դեմ գործողություններին մասնակցող շարքայիններին վճարվող փոխհատուցման չափը՝ 148 լիրայից հասցնելով 200 լիրայի (1 դոլարը հավասար է 1.81 լիրայի):
Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 1-ին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Նա հավելել էր, որ այդ պայքարում անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Դրանով իսկ ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիային արժեցել է 1 տրիլիոն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս