Հեռուստաեթերի վերահսողության հարցում Լեզվի տեսչության դերն աննշան է
Լեզվի պետական տեսչությունը վերջին վեց ամիսներին 60 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ դատական վարույթներ է հարուցել, ինչի արդյունքում, պետական բյուջե է գանձվել մոտ 3 միլիոն դրամ: Այս մասին այսօր` հուլիս 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը` հավելելով, որ դատական գործընթացը ժամանակատար է, տեւում է մի քանի ամիս, երբեմն նույնիսկ մեկ տարի:
Նրա խոսքով` թեեւ թվում է, որ 6 ամիսների ընթացքում 60 վարույթը Երեւանի դեպքում շատ փոքր թիվ է, սակայն դա հնարավորություն է ստեղծում, որ հները վերափոխեն իրենց ցուցանակները, նորերն էլ` օրենքի տառին համապատասխան կազմակերպեն գործընթացը:
Լեզվի պետական տեսչության ղեկավարը շեշտեց, որ առավել հաճախ հանդիպող խախտումները վերաբերում են փակցված ցուցանակներին եւ գովազդներին, որոնք կա՛մ օտար լեզվով են ներկայացված, կա՛մ հայերեն ցուցանակները չեն գերակայում, օրինակ` հայերեն գրությունը տեղադրված է ոչ թե ձախից աջ, ինչպես հայերենում կարդում ենք, այլ հակառակը, կամ հայերեն գրվածքը ծավալով ավելի փոքր է լինում:
Խախտումները հայտնաբերելու գործում տեսչությանը շատ են օգնում նաեւ մտահոգ քաղաքացիները, որոնք հասցեներ են ուղարկում:
Հարցին, թե ովքեր են տուգանվածները, Սերգո Երիցյանը գերադասեց շատ անուններ չհիշատակել` նախ այդ ընկերություններին չգովազդելու եւ երկրորդ` ոչ բոլորն էր հիշում, բայց տուգանվածների մեջ էր նաեւ «Բեյսիք հաուսը», «Կաշարելը» եւ այլն:
Սերգո Երիցյանի խոսքով՝ խնդիրների առկայության պատճառը օրենսդրության անկատարությունն է, ինչի հետեւանքով, օրինակ` վերջին 8-9 տարիներին չի գործում տերմինաբանական խորհուրդը: Իսկ հեռուստաեթերի վերահսողության հարցում Լեզվի պետական տեսչությունն ունի, գրեթե, նույն գործառույթները, ինչ հասարակ քաղաքացին:
Լեզվի պետական տեսչության պետը նշեց, որ այս պահին շրջանառության մեջ են երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առնչվում են Լեզվի պետական տեսչության գործունեությանը, լեզվական քաղաքականությանը եւ լեզվական վերահսկողությանը: «Մենք միակ տեսչությունն ենք, որ չունենք օրենք մեր մասին, կա օրենսդրական նախաձեռնություն եւ հուսով եմ, որ նոր ԱԺ-ն աշնանն իր աշխատանքները կսկսի այս նախաձեռնությունից»,- ասաց Սերգո Երիցյանը: