Սխալմամբ 5 տարի ազատազրկվածը փոխհատուցում է պահանջում
Սեպտեմբերին ուժի մեջ կմտնի «Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չբողոքարկի վճիռը, ապա պետք է որպես բարոյական վնասի փոխհատուցում քաղաքացուն վճարի 30 հազար եվրո գումար:
ՀՀ քաղաքացի Արմեն Պողոսյանը (Բաղդասարյանը նրա մայրն է) մեղադրվել է մանկահասակ երեխայի բռնաբարության եւ սպանության մեջ, դատապարտվել 15 տարվա ազատազրկման, հինգուկես տարի ազատազրկում կրելուց հետո ազատ էր արձակվել՝ իսկական հանցագործին բացահայտելուց հետո պարզվել էր, որ արդարադատությունը սխալ է իրականացվել:
Անձը դիմել էր Հայաստանի դատարաններ՝ պահանջելով փոխհատուցել իր կրած վնասը, նյութական վնասի դիմաց նրան տրամադրվել էր դրամական փոխհատուցում, իսկ բարոյական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել էր, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման ինստիտուտ նախատեսված չէ: Հենց այս հիմքով էլ Արմեն Պողոսյանը դիմել էր Մարդու եվրոպական դատարան, պնդելով, որ Հայաստանում կա համակարգային խնդիր բարոյական վնասի փոխհատուցման հարցում:
ՀՀ կառավարությունը Եվրադատարանին պարզաբանել էր, որ քաղաքացին բարոյական վնասի արդարացի փոխհատուցում ստացել է՝ անպայման չէ, որ փոխհատուցում տրամադրվի դրամական փոխհատուցման տեսքով. ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ անունից նամակով դիմել էր Արմեն Պողոսյանին եւ ներողություն խնդրել սխալ արդարադատություն իրականացնելու համար: Դիմող կողմն ընդունում է, որ ներողություն խնդրելը նույնպես բարոյական վնասի փոխհատուցման եղանակ է:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հատուկ հաղորդում էր պատրաստվել եւ ներկայացվել հանցագործության իրական պատմությունը, ինչը նույնպես բարոյական փոխհատուցման եղանակ է: Կառավարությունը Եվրոդատարանին հայտնել էր նաեւ, որ քաղաքացուն ժամանակին խոշտանգած անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք դատապարտվել են: Այդուհանդերձ, կողմը դա բավարար չի համարել եւ Եվրոդատարան հղած գանգատում պահանջել դրամական փոխհատուցում իր կրած բարոյական վնասի համար՝ 280 հազար եվրոյի չափով, ինչը ողջամիտ գումար է համարել: Սակայն դատարանը ողջամիտ է համարել փոխհատուցումը 30 հազար եվրոյի չափով՝ առանց պատճառաբանության նվազեցնելով 280 հազար եվրոն մինչ եւ 30 հազար եվրոյի:
Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Եվրոպական դատարանը ընդունեց Արմենի փաստարկները եւ կարեւոր ձեւակերպում տվեց, որը մեր օրենսդրության եւ պրակտիկայի վրա ուղղակիորեն ազդելու է»: Եվրոդատարանի դիրքորոշման համաձայն՝ եթե խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով (կյանքի իրավունք եւ խոշտանգում), եւ 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածով (սխալ դատապարտում), բարոյական փոխհատուցում ստանալուն, ապա այդ երեք դեպքում պետությունը պարտավոր է բարոյական վնասի փոխհատուցում տրամադրել դրամական փոխհատուցման տեսքով:
Ըստ Արա Ղազարյանի՝ վճռի ուժի մեջ մտնելուց հետո Նախարարների կոմիտեն կարող է առաջարկել Հայաստանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ոչ միայն քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու եւ 30 հազար եվրո փոխհատուցումը վճարելու ուղղությամբ, այլ որպեսզի Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրվի բարոյական վնասի փոխհատուցման նոր ինստիտուտ: Ա. Ղազարյանը պարզաբանեց, որ Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործում է միայն վիրավորանքի եւ զրպարտության դեպքերով: «Վաղ թե ուշ անձը պետք է ստանա փոխհատուցում նաեւ բարոյական վնասի համար՝ խոշտանգման, կյանքի իրավունքի խախտման եւ սխալ դատապարտվելու հիմքով»,- ասաց իրավաբանը:
Ըստ Ա. Ղազարյանի, եթե Հայաստանը դա չանի կամ ձգձգի, եթե օրենքի բացը չլրացվի, դատական նախադեպի պրակտիկայով այդ բացը կլրացվի: