Բաժիններ՝

Դավադրություն: Սեփական ժողովրդի դեմ

Օրեր առաջ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված 35-ամյա ռազմական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանը մահացավ… Թեեւ նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր, սակայն, միեւնույն է, նա դեռ ողջ էր: Եվ բոլորս օրվա լրահոսից նախեւառաջ ակնկալում էինք Վահեի առողջության մասին լուրը: Քանի դեռ նրա սիրտը բաբախում էր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բժշկից բոլորս սպասում էինք անհնարը` ապաքինում: Նրա կյանքը հնարավորություն էր տալիս վերջնականապես չկորցնել մեր արժանապատվությունը. նա կապաքինվի, ու մենք ստիպված չենք լինի արդարանալ, թե ինչո՞ւ ենք հանդուրժում անբարբառ կենդանու կարգավիճակը: Տեսեք երկրի առաջին դեմքերին: Որեւէ մեկը չի ցանկանում կատարվածի պատասխանատուին փնտրել: Բոլորը կրկնում են` Ռուբեն Հայրապետյանը կատարվածի պատասխանատվությունը չի կրում, նա ընդամենը ռեստորանային համալիրի սեփականատերն է: Սակայն նրան մեղադրում են, քանի որ Ռուբեն Հայրապետյանից ակնկալում էին ստանձնել կատարվածի բարոյական պատասխանատվությունը: Ակնկալում էին, որ նա կհայտարարի, թե ինքը` որպես սեփականատեր, իրեն բարոյապես պատասխանատու է համարում կատարված սպանության համար: Որ իրեն անհասկանալի էր իր թիկնապահների ու աշխատակիցների անմարդկային պահվածքը: Եվ, որ ինքը ցավում է կատարվածի համար ու, որպես բարոյական քայլ, ժամանակավորապես դադարեցնում է «Հարսնաքարի» գործունեությունը` մինչեւ բժիշկների ապաքինումը, դա կփոխեր մթնոլորտը: Սակայն, երբ Վահե Ավետյանի մահից ժամեր անց «Հարսնաքարում» տոնական հրավառություն էր, սա ձեռնոց է` նետված հասարակությանը:Այդպես էլ երկրի նախագահը չի կրում պատասխանատվություն այսքան ինքնասպանությունների, հանցագործությունների համար: Չե՞ք հավատում. ցույց տվեք մի ինքնասպանի, ում երկրի նախագահն անձամբ է հրել կամրջից: «Հարսնաքարի» դեպքերի ժամանակ էլ Սերժ Սարգսյանն այնտեղ չի եղել: Երբ իրար հետ, կախվելու միջոցով` իրենց կյանքին վերջ տվեցին հայր եւ որդի, երկրի պատասխանատուներից որեւէ մեկն այդ պահին այնտեղ չի եղել: Ուրեմն` անմեղ է: Եվ երբ նախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ նման անբովանդակ հարցազրույցներ են տալիս` իբր, «Հարսնաքարի» դեպքի մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, եւ, որ ճակատագրական հարվածներ հասցնողներից բացի` որեւէ մեկը մեղավոր չէ, այդ մարդիկ անմիջապես հանցակից են դառնում:

Վահե Ավետյանի մահը ավելի շուտ բարձրացրեց հուսահատության, քան բողոքի ալիք: Արդեն քրոնիկ դարձած հուսահատությունը արտագաղթողներին կստիպի շտապել, տատանվողներին` արագացնել եւ ընդունել վերջնական որոշում` այս երկրից պետք է փախչել: Եվ որքան արագ, այնքան կփոքրանա ծեծվելով սպանվելու հավանականությունը: Այնքան կնվազի կյանքին ինքնասպանությամբ վերջ տալու ցանկությունը:

Ինքնասպանությունների, սպանությունների, անոմալիկ հանցագործությունների վիճակագրությունը փաստում է` «Հարսնաքարի» դեպքը լրիվ տեղավորվում է մեր իրականության կոնտեքստում: Այսինքն` այն լրիվ օրինաչափ է:

Երբ ասում են` իշխանությունները հանձնարարություն ունեն հայաթափելու երկիրը, թողնելու 700-800 000 հայ, հեգնում ես` դավադրության տեսության սիրահարների հերթական ֆանտազիան է: Սակայն այն հետեւողականությունը, որով արվում է ամեն ինչ` մարդկանց արտագաղթը կազմակերպված, զանգվածային եւ չընդհատվող դարձնելու համար, ստիպում է իջնել դավադրության այդ տեսությանը հավատալու աստիճանի:

Երկրում տնտեսական, սոցիալական ծանր կացությունը չի կարող երբեք պատճառ դառնալ արտագաղթի` այս մասշտաբով: Սոցիալական վիճակը կարող է բողոքի զանգվածային ալիք բարձրացնել: Դու բողոքում ես, քանի որ քո կյանքը եւ երեխաներիդ կյանքը պատկերացնում ես այդ երկրում, հետեւաբար` բողոքում ես` ինչ-որ բան փոխելու ակնկալիքով: Երբ քեզ այլեւս այս համակարգում չես զգում, երբ պետական ողջ ապարատը աշխատում է քաոտիկ, առանց առանցքի, առանց մեկ ընդհանուր նպատակի, երբ քո ազնիվ աշխատանքին ոչինչ չի հաջորդում, կյանքը Հայաստանում դառնում է ժամավաճառություն:

Փող: Օրենքից պաշտպանվելու արտոնություններ: Հայաստանում սրանք են իշխանություն ունենալու եւ իշխանության գալու միակ հիմնավորումները: Արդարացում չէ, որ այդպես էր նաեւ երեկ կամ նախորդ օրը: Սա ուղղակի դավադրություն է սեփական ժողովրդի դեմ: «Ինչպե՞ս կարելի է մեկ օրինակի վրա ընդհանրացումներ անել, ամենուր փնտրել իշխանությունների մեղքը»,- հակադարձում են իշխանության ներկայացուցիչները:

Հետեւեք Եգիպտոսի, Սիրիայի իրադարձություններին: Վերլուծաբանները առանձնացնում են կարեւոր, անչա՛փ կարեւոր օրինաչափություն` երկրից արտագաղթում են ազգային փոքրամասնությունները: Այն էլ ` ոչ բոլորը: Իսկ տեղացիները մնում են եւ պայքարում են: Մնում են, որ պայքարեն:

Մեր երկրում մենք այլեւս չենք ցանկանում մնալ: Ոչ այն պատճառով, որ չենք կարող պայքարել: Չգիտենք` ում դեմ պայքարել: Ո՛ր մեկի դեմ պայքարել: Կարդում եմ Վահե Ավետյանի մահվանը հաջորդող քննարկումները սոցիալական ցանցում` երիտասարդ տղաներ, հասուն տղամարդիկ անզորությունից ու կատաղությունից իրենց տեղը չեն գտնում: Ո՞րն է լինելու նրանց հաջորդ քայլը: Ըմբոստությո՞ւնը, փողոց դուրս գա՞լը:

Ամեն դեպքում, բողոքն արդեն դարձել է կարճաժամկետ ազդեցության գործիք: Միակ երկարատեւ եւ հուսալի լուծումը շարունակում է համարվել արտագաղթը…

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Լուս.` Սամվել Սևադայի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս