ՊԵԿ-ի կեղծ աշխատակիցը ձերբակալվեց
ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության և ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հուլիսի 2-ին հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՊԵԿ-ի աշխատակից ներկայացած եւ քաղաքացիներից գումարներ շորթած անձը:
Դեռեւս մեկ ամիս առաջ Երեւանում արձանագրվել էին դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային տեսուչներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել:
ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ, ուստի ՊԵԿ-ը դիմել էր բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն: Անգամ կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված հանցագործությունը կատարելու համար ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության և ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հուլիսի 2-ին ձերբակալվել է նախկինում խարդախության համար դատապարտված 33-ամյա Արման Վարդանյանը, ով այս ընթացքում 18 տնտեսվարողներից փորձել է շորթել 40-60 հազարական դրամ:
Կոմիտեն դիմել է բոլոր հարկ վճարողներին` կոչ անելով նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն: