Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմումը ներկայացրեց Ազգային ժողով

Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր` հուլիսի 4-ին մանդատից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է Ազգային ժողով: Այդ մասին հայտնեց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:
Ըստ ընթացակարգի, ԱԺ առաջիկա նիստի ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է հրապարակի հրաժարականի դիմումը, եւ եթե դրանից հետո` 15 օրվա ընթացքում Հայրապետյանը հետ չվերցնի դիմումը, նա կզրկվի մանդատից:
Նշենք, որ ԱԺ հերթական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին, եւ եթե մինչ այդ արտահերթ նիստ չգումարվի, այդ օրը նոր կհրապարակվի հրաժարականի դիմումը:
Հիշեցենք, որ երեկ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն հրաժարվում էր իր պատգամավորի մանդատից` «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին իր անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու պատճառով: Հունիսի 29-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում մահացել էր ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Տեսանյութեր

Լրահոս