«Ոսկե ծիրան»-ի հատուկ մրցանակը կհանձնվի Ալեքսանդր Սոկուրովին
«Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնին առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ: Մրցանակն անվանվել է «Եղիցի լույս», որը սահմանել է Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ հայտնի է, թե ում կհանձնվի մրցանակը: Ըստ նրա՝ «Եղիցի լույս» առաջին մրցանակը կշնորհվի աշխարհահռչակ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին, ով էլ կլինի փառատոնի առանցքային հյուրերից մեկը: «Սոկուրովին, երբ տեղեկացրեցինք, որ ինքն է արժանանալու այս մրցանակին, հուզմունքից չէր հանգստանում, որ արժանանում է նման պատվի»,- ասաց նա և ավելացրեց, որ մրցանակը կհանձնի հուլիսի 12-ին, ժամը 16-ին Էջմիածնում, որը կհանձնի անձամբ Վեհափառը:
Հարություն Խաչատրյանը նաև նշեց, որ մրցանակով հետաքրքրված են նաև միջազգային գործընկերները, իսկ նման մրցանակ երբեք ոչ մի փառատոնի չի եղել:
Փառատոնի ժյուրիի անդամ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով՝ մրցանակը շնորհելու համար Վեհափառի կողմից երեք հոգուց կազմված հանձնաժողով է կազմվել, որոնք էլ փառատոնի կազմակերպիչների առաջարկած թեկնածուներից ընտրել են Սակուրովին: Ըստ նրա, մրցանակը տրվում է քրիստոնեկան գաղափարների քարոզչության համար՝ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալից ավանդի համար:
Մրցանակ- արձանիկի հեղինակը ճանաչված դիզայներ Նուռն է, ով նշեց, որ հավատարիմ է մնացել խորհրդանիշեր օգտագործելու իր ոճին, և այս անգամ մրցանակը ստեղծվել է քրիստոնեական խորհրդանիշների հիման վրա: «Ամեն մի դետալ իմաստ ունի: Ընդհանուր տեսքը դա քրիստոնեության առաջին սիմվոլը՝ ձուկն է: Բացի դրանից, երեք գունդը խորհրդանշում են Սուրբ երրորդությունը, ներքևի մասում հայկական հողի գույն է: Եթե այսպես նայենք, աչք է խորհրդանշում. սա արդեն կինոյին է վերաբերում: Եթե նայենք ապակու գնդին , ապա դա օբյեկտիվ է, և արտոցոլումը հակառակ պատկեր է տալիս, ինչը կինոյի նկարահանման հայտնի փաստն է: Ձկան գույնը Հայ առաքելական եկեղեցու գույնն է՝ մանուշակագույնը: Այստեղ նաև խաչ, բարձրացող արև»,- բացատրեց արվեստագետն ու նշեց, որ մրցանակի անունը՝ «Եղիցի լույս», նույնպես Վեհափառի գաղափարն է: