Բաժիններ՝

Հայաստանում նոտարական սակագները կբարձրանան

Հայաստանում կներդրվի լատինական նոտարիատի մոդելը, ինչը նշանակում է, որ նոտարը 100 տոկոս պատասխանատվություն կկրի իր կողմից վավերացվող գործարքների նկատմամբ: Այդ մասին այսօր` հուլիսի 4-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով դեռեւս մարտին հավանության արժանացած նոտարական բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը:
«Անձը պետք է վստահ լինի, որ նոտարի մոտ կայացած գործարքի արդյունքում որեւէ լումա չի կորցնելու, ու եթե ինչ որ բան այնպես չի արվել` պատասխանատուն նոտարն է: Սա է լատինական նոտարիատի բուն էությունը, ինչից մենք վերջին տարիներին շեղվել ենք` ամրագրելով, որ պատասխանատվությունը վրա է հասնում, երբ նոտարի կողմից ակնհայտ, կոպիտ, միտումնավոր խախտում կա»,- պարզաբանեց Հ. Թովմասյանը:
Նրա խոսքով` իրականացվելու են նաեւ այլ բարեփոխումներ: Մասնավորապես` ներդրվելու է մեկ պատուհանի սկզբունքը, նոտարի համար սահմանվելու են վարվելաձեւի, էթիկայի կանոններ, բոլոր ռեգիստրները էլեկտրոնային կառավարման միջոցով միացվելու են նոտարին: Բացի այդ` եթե նոտարի կողմից վավերացված գործարքի մի կողմը չի կատարում իր պարտավորությունները, ապա ավտոմատ գործի է դրվում հարկադիր կատարողի ինստիտուտը, այսինքն` քաղաքացին ազատվում է այլ ատյաններ դիմելու անհրաժեշտությունից: Դա, ըստ արդարադատության նախարարի, տնտեսական հարաբերությունների կայունության, ռիսկերի նվազեցման գլխավոր գրավականն է:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի այն դիտողությանը, որ նոտարական սակագները կարող են բարձրանալ, Հ. Թովմասյանն ասաց, որ սակագաները չեն կարող չբարձրանալ, որովհետեւ նոտարը չի կարող 100 տոկոսանոց պատասխանատվություն կրել այսօրվա սակագների շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս