Վարչապետը հանձնարարել ծառայողական քննություն սկսել չարաշահումների վերաբերյալ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է սոցիալական փաթեթի խնդրին և հանձնարարել ծառայողական քննություն սկսել՝ պարզելու չարաշահումների վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների իսկությունը, այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո» գործակալությունից:
«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն կա, որ որոշ հիմնարկներում չարաշահում են և մեր պետական ծառայողներից սոցիալական փաթեթից օգտվելու դիմաց պահանջում են որոշակի վարձատրություն։ Քանի որ սա պիլոտային ծրագիր է, անհրաժեշտ է անմիջապես արձագանքել, և ես հանձնարարում եմ ֆինանսների նախարարին և կրթության և գիտության նախարարին, որպեսզի հրապարակումներում զետեղված տեղեկատվությունը դարձնեն քննարկման առարկա և ծառայողական քննություն սկսեն»,– ասել է նա։
«Լրագրողներից պարզեք, թե կոնկրետ որ դպրոցների մասին է խոսքը։ Ծառայողական քննությամբ փորձենք հասկանալ` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ։ Բայց պետք է շատ օպերատիվ արձագանքել նման մտավախությանը, որովհետև մենք մտադիր ենք այս ծրագիրը կատարելագործել և շարունակել 2013, 2014 թթ.»,– ընդգծել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանն այնուհետև ասել է, որ բոլոր մարզային այցելությունների ժամանակ կառավարության ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիները խնդրում են, որպեսզի իրենք նույնպես մասնակցեն սոցիալական փաթեթին։
«Դա նշանակում է, որ այս ծառայությունը պետության կողմից պահանջված է։ Բայց անթույլատրելի են այսպիսի չարաշահումները, եթե, իհարկե, դրանք համապատասխանում են իրականությանը»,– ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։