Հերման վան Ռոմպեյ.Ռազմական լուծումը չի բխում նաև ԵՄ շահերից

Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը հարցազրույց է տվել «Արմենպրես» գործակալությանը` խոսելով հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման` բանակցային գործընթացի, ԼՂՀ-ի ճանաչման, ինչպես նաև Հայաստան-ԵՄ և հայ-թուրքական հարաբերությունների մասին:

-Պարո’ն նախագահ, անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանը և Եվրոպական միությունը կարևոր առաջընթաց են արձանագրել երկկողմ հարաբերություններում: Ձեր գնահատմամբ առաջիկայում կողմերն ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեն այդ հարաբերությունները նոր որակի բարձրացնելու համար:

-Ընդհանուր առմամբ Հայաստան-ԵՄ հարաբերություններում մենք առաջընթաց ենք արձանագրում: Ասոցացման համաձայնագրի շուրջ առաջ ենք շարժվում և արդեն իսկ սկսել ենք բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ: Ավելի վաղ այս տարվա սկզբին մեկնարկել են բանակցությունները Վիզաների դյուրացման և ռեադմիսսիայի պայմանագրի շուրջ: Ի հավելում այդ ամենի, Եվրոպական միությունը Հայաստանին աջակցություն է տրամադրում բազմաթիվ բնագավառներում՝ ներառյալ պետական հաստատությունների կարողությունների զարգացման գործընթացում:
Թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը շատ հարցերում սկզբունքների և արժեքների հասարակություն է: Հայաստանը, որպես Արևելյան գործընկերության շրջանակներում գործընկեր երկիր, պատրաստակամություն է հայտնել կիսելու այս արժեքները: ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացումն ավելի ուղղակիորեն կապված է այս ձգտման հետ: Ուստի, ես կոչ եմ անում Հայաստանին շարունակել ընթանալ բարեփոխումների ճանապարհով` ամրապնդելով ժողովրդավարական հաստատությունները, խթանելով թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայությունը: Որքան առավել ամուր լինի Հայաստանի հանձնառությունը շարունակելու իրական բարեփոխումները, այնքան ավելի շատ մենք կկարողանանք համագործակցել և աջակցել ձեզ:
Այս համատեքստում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը` ուղղված առավել թափանցիկ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Սա կարևոր քայլ էր առաջ, չնայած, որ դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. դրանք արձանագրվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում: Մենք հավատում ենք, որ այս խնդիրները կլուծվեն մինչև առաջիկա նախագահական ընտրությունները:

-Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանի և ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար: Մասնավորապես, ի՞նչ կերպ կարող է այն փոխադարձաբար շահավետ լինել երկու կողմերի համար:

-Բանակցությունների համար որևէ ժամանակային սահմանափակումներ չկան: Դրանց արագությունը կախված է կողմերի առաջ ընթանալու ցանկությունից և պատրաստակամությունից: Նման բանակցություններում արդյունքներն առավել կարևոր են, քան դրանց արագությունը: Բանակցությունների երեք փուլ նախատեսված է անցկացնել 2012թ-ին և, հաշվի առնելով մինչ այժմ Հայաստանի ցուցաբերած պատրաստակամությունը, ԵՄ-ն գտնում է, որ բանակցություններում հնարավոր է հանդարտ և արագ առաջընթաց արձանագրել:
Ես ակնկալում եմ, որ այս ստորագրվելիք համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջև: Արտահանողների համար ԵՄ-ի ներքին շուկայի բացումը հայկական ապրանքների և ծառայությունների համար մեծագույն առավելություն կհանդիսանա:


-Հայտնի է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում առաջընթաց հիմնականում արձանագրվել է շնորհիվ Արևելյան գործընկերության նախաձեռնության, որին մասնակցում են վեց երկիր: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնության առաջընթացը և ո՞ր երկրներն են արձանագրել լավագույն արդյունքներ:

-2009թ.-ին մենք նախաձեռնեցինք Արևելյան գործընկերությունը` հստակ նպատակ ունենալով աջակցել Արևելյան գործընկեր երկրներում ընթացող բարեփոխումներին և արագացնել այդ երկրների քաղաքական և տնտեսական ասոցացումը Եվրոպական միության հետ:
Այս ուղղությամբ արդեն իսկ մեծ արդյունքներ ենք արձանագրել: Ասոցացման համաձայնագրերի և Խորը և ազատ առևտրի գոտիների վերաբերյալ բանակցությունները բավականին առաջընթաց են արձանագրել Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի և, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի հետ: Այդ բանակցություններն արդեն իսկ ավարտվել են Ուկրաինայի հետ, չնայած դրանց վերջնական վավերացումը կախված կլինի Ուկրաինայի կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում հանձն առած արժեքների պահպանմամբ: Երկակի արդարադատությունը և ընդդիմության քրեականացումն, օրինակ, համադրելի չեն այդ արժեքների հետ: Ադրբեջանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ևս շարունակվում են:
Մենք նաև նպատակ ունենք դյուրացնել ԵՄ-ի և գործընկեր երկրների քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունները` որպես դրա վերջնական նպատակ ունենալով վիզային ռեժիմի վերացումը: Վիզաների դյուրացման գործընթացը մենք արդեն սկսել ենք Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ և շուտով նման գործընթաց կսկսենք նաև Վրաստանի հետ: Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ բանակցություններն ընթանում են նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ. նմանատիպ առաջարկ արվել է նաև Բելառուսին:
ԵՄ-ն առաջարկում է նաև աջակցություն հաստատությունների հզորացման առումով, և նմանատիպ համագործակցությունը բավականին լավ առաջ է ընթանում Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հետ: Ասեմ ավելին, Արևելյան գործընկերությունը պլատֆորմ է ստեղծում ԵՄ-ի և վեց գործընկերների բազմակողմ համագործակցության համար` կենտրոնանալով տարածաշրջանային համագործակցության վրա: Քաղաքացիական հասարակությունը, ազգային խորհրդարաններն ու տեղական ու տարածաշրջանային իշխանությունները ներառված են այս նախաձեռնությունների հետ:
ԵՄ-ն վճռական է շարունակելու աջակցությունն իր գործընկերների հետ՝ կիսելով իր նորարարությունները (know-how), տրամադրելով քաղաքական և ֆինանսական աջակցություն: Այնուամենայնիվ, այս աջակցությունը սահմանափակված է բարեփոխումների տեմպով:

-Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հարավային Կովկասում ԵՄ-ի առաջնայնություններից մեկն է: Հաճախ շեշտվում է, որ ԵՄ-ն ցանկանում է նպաստել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև վստահության միջոցների կառուցմանը: Կխնդրեի մասնավորեցնել, թե որո՞նք են այդ միջոցները և ո՞ր այլ բնագավառներում է ԵՄ-ն ցանկանում է ներդրում ունենալ:

-Կցանկանայի ընդգծել, որ ռազմական ուժի կիրառումը չի կարող լուծել այս հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության միայն խաղաղ կարգավորումը կօժանդակի հարավկովկասյան տարածաշրջանի ավելի կայուն և լիակատար գործող դարպասի վերափոխմանը Եվրոպայի և Ասիայի միջև: Հստակ է, որ սա բխում է մեր գործընկերների` Հայաստանի և Ադրբեջանի շահերից, ինչպես նաև ԵՄ-ի շահերից:
ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մենք ողջունում ենք գործադրվող նշանակալի ջանքերը, այդ թվում G-20-ի շրջանակներում վերջերս արված հայտարարությունը համանախագահների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից:
Համաձայնության հասնելու պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի ձեռքերում է և մենք կոչ ենք անում հասնել խնդրի խաղաղ լուծմանը` հենվելով Մադրիդյան սկզբունքների տեսլականի, իմաստության և համարձակության վրա:
Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների դանդաղ ընթացքով: Մեծ մտահոգությամբ տեղեկացա վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և շփման գծում տեղի ունեցած բռնությունների մասին: Խորապես ցավում եմ մարդկային կյանքերի ողբերգական և անհարկի կորուստների համար:
ԵՄ-ն բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը նպաստելու վստահության կառուցման միջոցներին, որոնք կարող են օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Այս համատեքստում Եվրոպական միությունը պատրաստ է առավել մեծ աջակցություն ցուցաբերել վստահության կառուցման միջոցների և երկու կողմերի բնակչությունների միջև կապերի հաստատմանը` քաղաքացիական հասարակության ներգրավման միջոցով: Այս ամենը կնպաստի վստահության ամրապնդմանը և հակամարտությունից տուժած մարդկանց հնարավորություն կտա լիովին մասնակցել խաղաղության հեռանկարների վերաբերյալ քննարկումներին:
Ավելին, ԵՄ-ն կանոնավոր քաղաքական երկխոսության մեջ է երկու գործընկեր երկրների հետ և նույնիսկ նշանակել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Մենք աջակցում ենք նաև ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և պատրաստ ենք կիսել ԵՄ-ի համապատասխան փորձը հակամարտության վերափոխման համար:

-Վերջերս Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց, որով կոչ էր արվում ապահովել առանց սահմանափակումների մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ: Որո՞նք էին այս քայլի դրդապատճառները: Կարող է արդյոք սա ընկալվել որպես քայլ դեպի Լեռնային Ղարաբաղի դե յուրե ճանաչում:

-Ո’չ, դա իր մեջ չի պարունակում Լեռնային Ղարաբաղի ճանաչման որևէ ձև: Եվրոպական Միության խորհուրդը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը ընդգծել են դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ԵՄ ներկայացուցիչների անխաթար մուտքի անհրաժեշտությունը:
ԵՄ-ի համար սա սկզբունքային և պրագմատիկ խնդիր է, քանի որ դրա միջոցով կյանքի կկոչվի մեր վստահության կառուցման միջոցներին այժմ աջակցելու պատրաստակամությունը և կնպաստի կարգավորումից հետո վերականգնմանն ու վերևակառուցմանը:


-Հայ-թուրքական սահմանը վերջին փակ սահմանն է Եվրոպայում: Ընդունելի է արդյոք 21-րդ դարի ժամանակակից Եվրոպայում փակ սահմանների առկայությունը` հաշվի առնելով, որ Թուրքիան դեռևս շարունակում է նախապայմաններ առաջադրել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:

-Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանին և Թուրքիային կարգավորել իրենց հարաբերությունները` առանց նախապայմանների (կարևոր չէ թե որ կողմից են դրանք առաջադրվում): Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումն իր կարևոր նպաստը կունենա Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և համագործակցության հաստատման համար:
Մենք կոչ ենք անում երկու կողմերին շարունակել երկխոսությունը և հավատարիմ մնալ այդ գործընթացին: Առաջին և կարևոր քայլն իրապես կլիներ սահմանի բացումը:

Տեսանյութեր

Լրահոս