ԱՄՆ պետդեպ. Մինսկի խումբը պատերազմը կանխելու գրավական է
ԵԱՀԿ Անվտանգության վերանայման խորհրդաժողովը կազմակերպության առանցքային միջոցառումն է, որի ընթացքում քննարկվում են եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության միջավայրի զարգացումները, սպառազինությունների վերահսկման եւ վստահության ու անվտանգության միջոցառումների իրականացման խնդիրները: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում առկա հակամարտությունների կարգավորման խնդիրները: Վիեննայում ընթացող ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան խորհրդաժողովին որպես հիմնական զեկուցող հանդես եկող ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Է. Ռուբինն անդրադառնալով ԼՂ հակամարտությանը նշել է.
«Որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակով հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության կողմերին օգնություն ցուցաբերելուն`խաղաղ կարգավորման հասնելու համար: Մինսկի խումբը կենսականորեն կարեւոր կառույց դարձավ պատերազմի վերսկսումը կանխելու եւ հակամարտող կողմերին բանակցությունների միջոցով խաղաղությանը մոտեցնելու առումով: Այս տարվա հունվարին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները Սոչիում հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը նրանց պարտավորեցնում էր արագացնել հիմնարար սկզբունքներով համաձայնության գալը, ինչպես նաեւ շարունակել հումանիտար շփումներին եւ շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմներին ուղղված աշխատանքը:
Համանախագահներն ինտենսիվորեն ձգտել են կողմերին օգնել Սոչիի համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում: Թեեւ Մինսկի խումբը առաջընթաց ունի կարգավորման հարցում, դեռ կարեւոր աշխատանք կա իրագործելու: Ինչպես նշվում էր նախագահներ Օբամայի, Օլանդի եւ Պուտինի հունիսի 18-ի համատեղ հայտարարության մեջ, կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն` խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող որոշում կայացնելով, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Միացյալ Նահանգները եւ նրա գործընկեր Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը ծառայում է միայն հակամարտության ձգձգմանը եւ ոչինչ չի անում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու առումով»:
Իրենց ելույթներում համանման դիրքորոշումներ ներկայացրին Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների` ՌԴ եւ Ֆրանսիայի, ԵՄ, մի շարք երկրների ներկայացուցիչներ:
ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Ս. Մկրտչյանն իր ելույթում աջակցություն է հայտնել արտահայտված դիրքորոշմանը եւ ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը իրականացնելու ստանձնած բոլոր պարտականությունները: Նա միաժամանակ մատնանշել է, որ Ադրբեջանի կեցվածքն առանձնանում է միջազգային հանրության միահամուռ այդ դիրքորոշումից եւ խոչընդոտում բանակցային գործընթացի առաջընթացին: Ավելին, վերջին շրջանում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, զինադադարի կոպիտ խախտումները սպառնում են վերսկսել ռազմական գործողությունները եւ լրջորեն խաթարել տարածաշրջանի անվտանգությունը: