

Հայաստանի շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան սարքը գործարկվեց
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը զեկուցել է, որ վերջերս վերանորոգվել ու գործարկվել է շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության մի սարք, որը եզակի է տարածաշրջանում:ԱԻՆ “Արատակարգ ալիք” լրատվական կենտրոնի փոխանցմամբ, սարքը հնարավորություն է տալիս ստուգել նոր կառուցվող շենքերի սեյսմակայունությունը` դեռևս շինարարության սկզբում, ինչը թույլ է տալիս վաղ շրջանում ուղղել նախագծային թերությունները և ապահովել շենքի սեյսմակայունությունը:
Գործակալության կողմից ներկայումս աշխատանքներ են տարվում նաև Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Գյումրիում հինգ նոր սեյսմիկ կայաններից բաղկացած համակարգ ներդնելու ուղղությամբ: Դրա միջոցով գրանցվելու են այն երկրաշարժերը, որոնք կառաջացնեն 3 բալ և ավելի ուժգնության ցնցումներ: Երկրաշարժի ինտենսիվության բաշխման մասին արագ ստացվող տեղեկատվությունը կբարձրացնի իրազեկության աստիճանը, ինչը հնարավորություն կտա օպերատիվ գործողություններ ձեռնարկել արտակարգ իրավիճակներում: