|
||||
. Եվրոպական պատուհան |
"Միայն մեկ փաստաթուղթ կարող է լուծել ԼՂ խնդիրը"
Բանաձեւերի ոչ մի քանակություն չի կարող ստիպել Լեռնային Ղարաբաղին շեղվել ինքնորոշման ուղուց: Ինչպես Արմենպրես-ին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը` գնահատելով մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը: ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը բացասական եմ գնահատում: Այն ոչ անհրաժեշտ եւ ժամանակավրեպ էր` թե որպես գործընթաց, թե որպես արդյունք: Բայց ես բավարարված եմ երկրների թվով, որոնք չեն աջակցել դրան: Ես նրանց որոշումը դրական եմ գնահատում: Այն իրավական ուժ չունեցող, խորհրդատվական որոշում է Գլխավոր ասամբլեայի կողմից, եւ չեմ կարծում, որ այն գործընթացի վրա որեւէ հետեւանք կունենա, եթե Ադրբեջանը դրանում ներառված չէ ինքն իրեն կամ ուրիշներին խաբելով,-նկատել է Վ.Օսկանյանը: Ըստ նրա` եթե ադրբեջանցիները հույս ունեն, որ բանաձեւը կարող են օգտագործել այլ նպատակի համար, քան իրենց ներքին գործընթացներում, եթե նրանք հավատում են, որ միջազգային հանրությունը կարող է իրականում աջակցել իրենց ներկայացրած միակողմանի պահանջներին, դա լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել բանակցային գործընթացում: Ադրբեջանի համար մի բան պետք է հստակ լինի` բանաձեւերի ոչ մի քանակություն չի կարող Լեռնային Ղարաբաղին ստիպել շեղվել ինքնորոշման իր ուղուց,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Իսկ թե ինչպես կարելի է իմանալ` Ադրբեջանը լո՞ւրջ է վերաբերվում բանակցություններին, թե ոչ, Վ.Օսկանյանը նշել է, որ, բարեբախտաբար, շուտով դա պարզելու հնարավորություն կլինի: Հավանականություն կա, որ Հայաստանի նորընտիր նախագահը Բուխարեստում կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Մենք արտահայտել ենք մեր պատրաստակամությունը մասնակցելու, ես գիտեմ, որ համանախագահները նման առաջարկ կանեն, եւ ադրբեջանցիները նաեւ ակնարկել են, որ պատրաստ են շարունակել երկխոսությունը ամենաբարձր մակարդակում: Առաջին իսկ հանդիպման ընթացում այս հարցը կհստակեցվի: Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը կարող է ուղղակի հարցնել նախագահ Ալիեւին` արդյոք իրականում հավատո՞ւմ են այս բանաձեւի բովանդակությանը եւ արդյոք այն լինելու է նրանց ուղեցույցը. եթե այո` խոսելու ոչինչ չկա եւ ավելի լավ է ժամանակ չվատնել: Բայց եթե նրանք դեռեւս հակված են բանակցելու սեղանի վրա գտնվող փաստաթղթի շուրջ, ավելի լավ է լուրջ վերաբերվել եւ գնալ մնացած միակ` կարճ ճանապարհով,-նշել է նախարարը: ՄԱԿ-ի բանաձեւի տեքստը եւ բանակցվող փաստաթղթի պարունակությունն, ըստ նախարարի, անհամատեղելի են: Միջազգային հանրության մեծ մասը սա նկատի է ունեցել եւ չի աջակցել բանաձեւին: Այնուամենայնիվ, 39 երկրի կողմից դրա ընդունումը Վ.Օսկանյանը բացատրում է այն հանգամանքով, որ նրանք կողմ են քվեարկել ոչ թե բանաձեւի պարունակության, այլ` հովանավոր Ադրբեջանի օգտին: Այն երկրները, որոնք այո են քվեարկել, ՎՈւԱՄ-ի կամ Իսլամական կոնֆերանս կազմակեպության անդամ են: Վ.Օսկանյանի կարծիքով` եթե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները պարտադրող ուժ ունենային, ձեռնպահ քվեարկողների մեծ մասը դեմ կլիներ բանաձեւին: Այնուամենայնիվ, ըստ նախարարի, ժամանակն է հասկանալ, որ այլ եղանակ չկա, քան բանակցությունները: Ցույց տվեք ինձ պատմության մեկ այլ օրինակ, երբ հակամարտությունը լուծվում է միջազգային կազմակերպության կամ երրորդ երկրների կողմից բանաձեւի ընդունմամբ: Այդպիսի դեպք չկա, եւ դա այժմ էլ տեղի չի ունենա, անկասկած նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում: 1948թ-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը Պաղեստինի միջնապատի վերաբերյալ ոչինչ չի լուծել: Բոլորովին վերջերս Անվտանգության խորհրդի բանաձեւը Կոսովոյի վերաբերյալ եւս կողմերին չի բերել իմաստալից ճանապարհի: Ես հիշում եմ` երբ Լիսաբոնում ԵԱՀԿ գործող նախագահը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն արեց, Ադրբեջանի ուրախությունը սահման չուներ: Բավական երկար ժամանակ պահանջվեց, որ Ադրբեջանը հասկանա, որ այդ փաստաթուղթն արժեք չունի,-նկատել է Վ.Օսկանյանը: Նրա պնդմամբ` միայն մեկ փաստաթուղթ կարող է լուծել այս խնդիրը. այն, որը կստորագրվի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից: Սեղանի վրա գտնվող փաստաթուղթը, որը կողմերին է փոխանցվել համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Մադրիդում եւ երաշխավորվել է ԵԱՀԿ քարտուղարության կողմից, պետք է լինի առաջնորդող սկզբունքը հակամարտության իրական կայուն լուծման համար:
Նույն թեմայով "Նախագահական ընտրությունների արդյունքները չպետք է կասկածի տակ դնել" Ըստ Դմիտրի Մեդվեդեւի՝ ՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի եւ Ուկրաինայի մտնելն սպառնում Է Եվրոպային Ջեկ Գեւորգյանն իր թեկնածությունը կառաջադրի Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց Եվրամիությունը կարող Է բոյկոտել Օլիմպիական խաղերը Այլ լուրեր Վիկտոր Դալլաքյանն ներքաղաքական իրավիճակից դուրս գալու լուծումներ է առաջարկում Քննարկվեցին "Պարզեցված հարկի մասին" օրենքում կատարված փոփոխությունները Բեռլուսկոնին Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչն Է Համմարբերգը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը |
|