Բաժիններ՝

Բրիտանական իշխանություններն արգելել են երկրից դուրս բերել Վիկտորյա թագուհու հարսանեկան թագը

Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարությունը ժամանակավոր արգելք է դրել այն թագն արտասահման տանելու վրա, որով Վիկտորյա թագուհին պսակադրվել է իր ամուսնու՝ արքայազն Ալբերտի հետ:

Այս մասին հայտնել է BBC-ն: Վերջնական որոշումը կընդունվի դեկտեմբերին:

Ընդամենը 11,5 սանտիմետր տրամագիծ ունեցող թագը, որը զարդարված է 11 խոշոր շափյուղաներով եւ բազմաթիվ ադամանդներով, արքայազն Ալբերտի անձնական դիզայնով ստեղծվել է հարսանիքի առթիվ, որը կայացել է 1840 թվականին: Երիտասարդ թագուհին այդ թագով պատկերված Է Ֆրանց Քսավեր Վինթերհալթերի կողմից արված թագուհու ամենահայտնի դիմանկարներից մեկում՝ 1842 թվագրությամբ:

Ներկայում թագը գտնվում է մասնավոր հավաքածուում, եւ իշխանությունները զգուշանում էին, որ այն կարող է վաճառվել արտասահմանում, քանի որ սեփանակատիրոջը չի հաջողվել այն վաճառել 5 մլն ֆունտ ստեռլինգով (6,55 մլն դոլար): Թանկարժեք իրը դուրս տանելու սեփականատիրոջ հայտը մերժվել է, իսկ Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Մեթ Հենքոքը նշել Է, որ թագը խորհրդանշում է երկրի «ամենանշանավոր սիրային պատմությունը» եւ անքակտելիորեն կապված է բրիտանական պատմության հետ:

Վիկտորյան եւ Ալբերտը, որոնք զարմիկներ են, ամուսնացել են 1840 թվականին: Զույգն ինը երեխա Է ունեցել, ինչի շնորհիվ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մինչեւ 19-րդ դարի վերջը բարեկամացել է Եվրոպայի՝ գործնականում բոլոր իշխող ընտանիքների հետ: Ալբերտը վախճանվել է վարակից` 1861 թվականին, եւ այն ժամանակվանից մինչեւ իր կյանքի վերջը Վիկտորյա թագուհին, որը վախճանվել է 1901 թվականին, սուգ էր պահում եւ այդպես էլ երկրորդ անգամ չամուսնացավ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս