«Պավլիկ և Արամ Մանուկյանների վրա կրակել են ոչ թե՝ սպանելու, այլ՝ մինչև կյանքի վերջը հաշմանդամ դարձնելու նպատակով. դա ստոր արարք էր». Լարիսա Ալավերդյան

Իշխանություններն ամեն միջոց օգտագործում են, որ հասարակությունը ռադիկալացվի, արմատական դառնա: Նման տպավորություն ունի «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ, եթե այդպես շարունակվի, անպայման կգտնվեն այնպիսիները, որոնք էլի կփորձեն շարունակել օրենքով արգելված, բայց պատմության մեջ հաճախակի օգտագործվող մեթոդները.

«Փոփոխություններն ու սրացման կամ ոչ սրացման բանալին գտնվում են իշխանության ձեռքում: Իշխանությունը պետք է հստակեցնի՝ իր վրա է հասարակության մեջ տեղի ունեցող ամեն ինչի պատասխանատվությունը: Իշխանությունը ցույց տվեց, որ ոչ միայն չի կարող երկխոսության գնալ, այլև արհամարհում է հասարակության կարծիքը: Բոլոր նրանք, ովքեր դիմում էին Նախագահական, որ պատրաստակամ են սկսել այդ երկխոսությունը, մերժվեցին, թողնվեց միայն այն մասը, որը «մարտական եղբայրակցության» մեջ է: Ի դեպ, երեկ տարածվել է, որ Վիտալի Բալասանյանը խոստացել է հանդիպում՝ նախագահի ու Սէֆիլյանի միջև, բայց դա այդպես չէ: Շատ պարզ գրված էր, որ նախագահը խոստացել է հանդիպել»:

Նա նշեց, որ հասարակությունը կամ քաղաքական ուժերը չեն ընդգրկվել «Սասնա ծռերի» ու իշխանության միջև բանակցություններում, որովհետև այդ խաղի ներկայացուցիչները պետք է դնեին փոփոխության պահանջներ. «Ըստ իս՝ հենց ճիշտ այդ փոփոխությունների ժամանակն էր, դրա համար մերժվել են քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունները և մնացել է «մարտական եղբայրակցության» շրջանակներում լուծելու վրա: Լավ է, որ արյունահեղություն չի եղել, բայց ես երբևէ չեմ ներելու Պավլիկ և Արամ Մանուկյանների ստոր խեղումը: Դա ստոր արարք էր, կրակել են պրոֆեսիոնալներ, կրակել են ոչ թե՝ սպանելու, այլ՝ զուտ խեղելու ու մինչև կյանքի վերջը նրանց հաշմանդամ դարձնելու նպատակով»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս