«Սա ուղղակի շանս է…». Արտակ Դավթյան

«Այն, ինչ կա իրականում՝ պատային իրավիճակ է»,- այսօրվա ասուլիսում խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանի իրավիճակի մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նա նկատեց, որ ապրիլյան այս պատերազմի ընթացքում «խրամատները փոփոխության չենթարկվեցին», թեև, նրա խոսքով՝ պետք է նույնիսկ թույլ չտալ տպավորություն թողնել, որ ընդհանրապես որևէ բան տեղի չի ունեցել. «Որովհետև շատ էական և արմատական բան է տեղի ունեցել, Ադրբեջանը նյութականացրեց այն ագրեսիան, որի մասին խոսվում էր»:

Խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման մասին՝ Ա. Դավթյանը կարծիք հայտնեց, որ «այս պատային» իրավիճակը պետք է թելադրող լինի այդ երկխոսության մեջ: Իսկ թե իրավիճակին ինչպիսի՞ լուծումներ կառաջարկվեն նախագահների կողմից, Ա. Դավթյանի խոսքով՝ երևի այսօր երեկոյան կամ վաղը հանգամանալից կիմանանք:

Ա. Դավթյանի խոսքով՝ հայկական կողմն արդեն իր փոխզիջումն արել է նրանով, որ հիմա ԼՂՀ-ին Հայաստանն է ներկայացնում բանակցությունների ժամանակ: Նա կարծում է՝ եթե հակամարտությունը պետք է լուծվի, ապա դրա լուծումն առանց ԼՂՀ-ի հնարավոր չէ:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ զորքերի տեղաշարժի և զինատեսակների նոր կուտակումների մասին հայտարարություններին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ մայիսը մեզ միայն հաղթանակներ է բերում. «Ադրբեջանը, որ այդ կուտակումներն անում է, հետո հայտարարում է դրա մասին, ուզում է ասել՝ «դա մեր տարածքն է, ինչ ուզենք՝ այդ էլ կանենք»: Ինձ թվում է՝ հրաշալի հայտարարություն է մեր ապագա գործողությունների համար: Ռուսաստանի վարչապետի այն հայտարարությունը, որ հիմա կարևոր էլ չէ, թե ով է սկսել, նույնպես հրաշալի հայտարարություն է: Այսինքն՝ եթե կարևոր չէ, որ Ադրբեջանն է սկսում, բնական է, որ հայկական կողմն էլ չի սպասի, որ էլի տեղաշարժեր սկսեն, գան այս կողմ»:

Խոսելով այն մասին, թե ինչի՞ կարող է դա հանգեցնել, Ա. Դավթյանը հիշեցրեց, որ առաջիկայում ԼՂՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, ու այդ գործող Սահմանադրությամբ ամրագրված է՝ 12 քառակուսի կիլոմետր տարածք. «Սա ուղղակի հնարավորություն կընձեռի, որ այդ 12 հազարը դառնա 20-25 և նույնիսկ՝ 30 հազար կիլոմետր: Սա ուղղակի շանս է նաև: Եթե այստեղ ուժը պետք է գործի, մենք պատրաստ ենք ոչ միայն՝ համարժեք, այլև՝ անհամարժեք ուժ գործադրելու, որ ԼՂՀ-ն ունենա այն անվտանգությունը, որին ձգտում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս