«Հայաստանի կացությունը մտահոգիչ է, չկա «Իսլամական պետության» կողմից ուղիղ վտանգ, բայց կա ավելի մեծ վտանգ»

168.am-ի զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան, արևելագետ Վիգեն Չետերյանը

– Պարոն Չետերյան, միջազգային հանրությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի զորքերի մասնակի դուրսբերումը Սիրիայից, թեև ներկայումս աշխարհի ուշադրության կենտրոնում Բրյուսելում գրանցված ողբերգական պայթյուններն են: Ո՞րն էր Ռուսաստանի նպատակը, և ինչպե՞ս կծավալվի Սիրիայում տիրող իրավիճակն այսուհետ:

– Բրյուսելյան ահաբեկչությունների մասին քիչ առաջ եմ իմացել, դեռ բավարար տեղեկություններ չունեմ, ուստի դրանց չեմ կարող անդրադառնալ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի որոշմանը, ապա Ռուսաստանի զորքերի մի մասի դուրսբերումը համընկավ Ժնևյան բանակցությունների հերթական փուլի հետ: Իմ համոզմամբ՝ դա ուղղված էր Դամասկոսի ռեժիմի դեմ, քանի որ հստակ է, որ քաղաքական տարաձայնություններ կան Մոսկվայի և Դամասկոսի միջև սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ:
Հստակ է, որ Ասադը նպատակ ունի մինչև վերջ որևէ զիջման չգնալ ընդդիմության առջև, և, միևնույն ժամանակ, եթե զիջումներ չարվեն, պատերազմը պետք է շարունակվի այն դեպքում, երբ Ասադը պատերազմը շարունակելու նյութական հնարավորություններ չունի: Այսինքն` Ասադը ցանկանում է պատերազմը շարունակել՝ չունենալով իր սեփական միջոցները, ցանկալով դրանք ձեռք բերել դրսից, բայց միևնույն ժամանակ՝ չցանկանալով իր արտաքին դաշնակիցների տեսակետներն ընդունել: Ակնհայտ է, որ Սիրիայից Պուտինի դուրս գալը հզոր ճնշում էր Դամասկոսի վարչակազմի նկատմամբ:

– Ստացվում է, որ հակամարտությունում արդեն ներգրավված ոչ մի կողմ չի կարողանում և չի ցանկանում պայքարել «Իսլամական պետության» դեմ, չի կարողանում քաղաքական կարգավորման հող ևս նախապատրաստել: Ո՞րն է ելքը:

– Այսօր իրավիճակի կարգավորման հեռանկարներ չկան: «Իսլամական պետություն» ֆենոմենը պայմանավորված է ընդհանուր տարածաշրջանի քաղաքական կառույցների փլուզմամբ: Այսօր մենք ունենք մի շարք պետություններ, որոնք փլուզվեցին Միջին Արևելքում, նախկին վարչակազմերն արդեն չեն գործում, պետք է մտածել նրանց փոխարինման մասին: Այս հարցին պատասխան չկա, և քանի դեռ այս հարցին չկա քաղաքական պատասխան՝ չի կարելի նման ֆենոմենների հետ հաշվեհարդար տեսնել, քանի որ նման հաշվեհարդարները մեծացնելու են այդ ֆենոմենը, ինչպես 15 տարի «Ալ-Քաիդայի» դեմ պայքարը, որն այն մեծացրեց, և այսօր ունենք ավելի զարհուրելի ֆենոմեն, որը կոչվում է «Իսլամական պետություն»: Եթե մենք չկարողանանք հիմնահարցերը լուծել, եթե մակերեսային ձևով փորձենք մոտենալ, ապա այդ հակասություններն էլ ավելի են խորանալու:

– Խորքային լուծումը ո՞րն է, երբ բանակցություններն արդյունավետ չեն, և ՌԴ-Արևմուտք համաձայնությունից դուրս են սիրիական հակամարտության գլխավոր դերակատարները:

– Ինչպես ասացի, միջազգային բանակցությունները ոչ միշտ է, որ կարող են արդյունավետ լինել նման հարցերում: Յուրաքանչյուր հանրություն ինքը պետք է կարողանա ստեղծել իր քաղաքական համակարգը: Այսօր այդ տարածաշրջանի քաղաքական համակարգերը փլուզված են, և այդ լուծումը հենց այդտեղ է:

– Թուրքիայում ևս անհանգիստ իրավիճակ է՝ պայմանավորված վերջին օրերին գրանցված ահաբեկչական գործողություններով: ՀՀ-ում ևս կան մտահոգություններ այս առնչությամբ, իսլամական սպառնալիքի վերաբերյալ, ինչի՞ց պետք է զգուշանա Հայաստանը:

– Թուրքիայում ահաբեկչության երկու աղբյուր կա, մեկը քրդականն է. կան ռադիկալ քրդական խմբեր, որոնք ցանկանում են, որ այն պայքարը, որը Թուրքիայի իշխանությունները ծավալում են քրդամետ շրջաններում, փոխանցվի և հասցվի Անկարա և Ստամբուլ: Կա նաև երկրորդ աղբյուրը` ԻՊ-ը. եթե նայենք այս երկու աղբյուրներին, կհասկանանք, թե որքանով է Էրդողանի քաղաքականությունն անհաջող, քանի որ այս երկու ուժերի մեջ ընտրեց՝ օժանդակել ռադիկալ իսլամիստներին և հարվածել քրդերին, բայց ո՛չ իր դաշնակցությունն իսլամիստների հետ է հաջողակ, ո՛չ էլ պայքարը քրդերի դեմ: Տեղի ունեցողն Էրդողանի քաղաքականության պատիժն է:

Իմ կարծիքով` Հայաստանի կացությունը մտահոգիչ է, չկա «Իսլամական պետության» կողմից ուղիղ վտանգ, բայց կա ավելի մեծ վտանգ, քանի որ, ի վերջո, Թուրքիան Հայաստանին հարևան երկիր է, և Հայաստանն ու հայերն ունեն խնդրահարույց հարաբերություններ Թուրքիայի հետ: Եվ եթե Թուրքիան մտնի շատ անապահով ժամանակաշրջան, ապա դա կարող է մեծ վտանգներ պարունակել Հայաստանի համար:

Նկատի չունեմ, որ Թուրքիան գործողությունների դիմի Հայաստանի դեմ, բայց եթե Թուրքիայում քաղաքացիական պատերազմ զարգանա, Թուրքիան դառնա անկայուն երկիր, որտեղ քաոսային ուժեր կան, եթե հասնի Սիրիայի և Իրաքի իրավիճակին, ապա Հայաստանի համար շատ մեծ վտանգ է: Թուրքիայում անապահովությունը կարող է տարբեր վտանգներ ստեղծել Հայաստանի համար, և մենք այսօր չենք կարող նույնիսկ գուշակել` ինչ ծավալի վտանգների մասին է խոսքը:

Տեսանյութեր

Լրահոս