Բռնաբարության փորձ՝ զբոսայգու հասարակական զուգարանում. 26-ամյա երիտասարդը դատապարտվել է

Բռնաբարության փորձի մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել: Վերջինիս պաշտպանը պահանջում է բեկանել և փոփոխել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել բռնաբարության փորձի մեջ և դատապարտվել 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով զբոսայգու տարածքում և հետևելով ու տեսնելով, որ աղջիկը բնական կարիքները հոգալու համար մտել է հասարակական զուգարան` վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ նրա հետևից մուտք է գործել զուգարանի կանանց համար նախատեսված հատված, որտեղ հետևից մոտեցել ու դիմադրությունը ճնշելու, նրա կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նպատակով մի ձեռքով բռնելով նրա պարանոցից՝ սեղմել, իսկ մյուս ձեռքով սկսել է արձակել նրա հագի տաբատի կոճակները, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել` աղջիկն ակտիվ դիմադրել է, կծել է աջ ձեռքի ցուցամատի և աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել, չի թողել, որպեսզի իր հագուստները հանի, բղավոցներից ներս են մտել զբոսայգում ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները և նրան բերման ենթարկել Ոստիկանություն:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ գործով տուժողի հետ ծանոթացել է դեպքի օրը` զբոսայգու տարածքում գործող սրճարանում: Նա միայնակ նստած է եղել սրճարանի սեղաններից մեկի մոտ, ինքը մոտեցել և նստել է նույն սեղանի շուրջ, որից հետո ծանոթացել ու մոտ 30 րոպե զրուցել են միմյանց հետ: Այնուհետև ինքը վճարել է տուժողի պատվիրած սուրճի դիմաց, որից հետո նա գնացել է զուգարան: Դրանից մոտ 1-2 րոպե անց ինքն անհանգստացել է նրա ուշացման համար և գնացել է դեպի զուգարանի կողմ: Այդ ժամանակ տուժողը գտնվել է կանանց համար նախատեսված զուգարանի դռան մոտ և ձեռքով կանչել է իրեն, իսկ երբ ինքը մոտեցել ու նրա ետևից մտել է ներս, վերջինս սկսել է բղավել` «բաց թող» և այլն: Ինքը փորձել է հանգստացնել նրան` ասելով, որ գնում է, իսկ երբ ցանկացել է դուրս գալ զուգարանից, ոստիկանները բռնել են իրեն:
Տուժողին բռնաբարելու դիտավորություն և նման ցանկություն ինքը չի ունեցել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, չի փորձել հանել նրա հագուստները, վերջինս իրեն չի կծել: Նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ է տվել միայն այն պատճառով, որ Ոստիկանության աշխատակիցներից մեկը` թե կոնկրետ ով, չի հիշում, իրեն ասել է, որ, եթե խոստովանական ցուցմունքներ տա, ապա` կազատվի, կգնա տուն և չի դատապարտվի:

Դատաքննության ընթացքում հրապարակվել և հետազոտվել են ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, համաձայն որոնց` նա կասկածյալի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ զբոսայգում նկատել է անծանոթ մի աղջկա, ով քայլել է դեպի զբոսայգու տարածքում գործող բացօթյա սրճարան և նստել է սեղաններից մեկի շուրջ: Ինքը գնացել է այդ աղջկա հետևից և նստել նույն սեղանի մոտ` անմիջապես նրա կողքի աթոռին, սակայն վերջինս պահանջել է չնստել իր կողքը, որից հետո ինքը նստել է դիմացի աթոռին, ապա ծանոթացել և ասել է, որ սիրահարվել է նրան ու ցանկանում է ամուսնանալ, իսկ նա ժպտացել է: Այնուհետև ինքը վճարել է նրա պատվիրած սուրճի գումարը, որից հետո վերջինս պահանջել է, որ նա չհետապնդի իրեն, ու քայլել է դեպի այգում գտնվող հասարակական զուգարանի կողմ: Ինքը հետևել է նրան և տեսել, որ վերջինս մտել է զուգարան: Դրանից 1-2 րոպե անց ինքը նույնպես մտել է զուգարան և այդ աղջկան տեսել է լվացվելիս: Վերջինս նկատելով իրեն` սկսել է բղավել, սակայն ինքն անմիջապես աջ ձեռքով բռնել է նրա բերանից և գրկել, իսկ մյուս ձեռքով սկսել է շոյել նրա կրծքերը: Այդ ժամանակ նա դիմադրել է, կծել է իր աջ ձեռքի ցուցամատը և աջ ուսի հատվածը, բղավել, ինչպես նաև՝ խնդրել է բաց թողնել, սակայն ինքն ավելի ամուր է գրկել և փորձել է իջեցնել նրա տաբատը, որպեսզի վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենա նրա հետ: Այդ ժամանակ ներս են մտել Ոստիկանության աշխատակիցներն ու իրեն բերման են ենթարկել Ոստիկանության բաժին:
Ընդ որում, հարցաքննության արձանագրության համաձայն` կասկածյալի ցուցմունքի վերջնամասը նա գրի է առել անձամբ, ևս մեկ անգամ ներկայացրել է վերը շարադրվածի համառոտ բովանդակությունը, ինչպես նաև նշել է, որ զղջում է կատարածի համար, ցուցմունքը գրված է իր պատմածով, իսկ վերջնամասը` իր կողմից: Տուժողի հետ առերես հարցաքննության ընթացքում նա նույնաբովանդակ ցուցմունք է տվել, իսկ պաշտպանի մասնակցությամբ որպես մեղադրյալ հարցաքննվելիս՝ հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում, կասկածյալի կարգավիճակում մանրամասն ցուցմունքներ է տվել դեպքի հանգամանքների շուրջ և խնդրում է դրանք ընդունել հիմք:

Տուժող աղջիկը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը, երբ ինքը նստել է զբոսայգու տարածքում գործող բացօթյա սրճարանի սեղաններից մեկի շուրջ և սուրճ է պատվիրել, մինչ այդ իրեն անծանոթ գործով ամբաստանյալը մոտեցել ու նստել է իր կողքի աթոռին: Ինքը պահանջել է, որ նա հեռանա իր մոտից, սակայն վերջինս համառել է, ապա տեղափոխվել և նստել է իր դիմացի աթոռին, որից հետո սկսել է խոսել` ասելով, որ սիրահարվել է իրեն, և այլն, իսկ այնուհետև, առանց իր համաձայնությունը հարցնելու, վճարել է իր պատվիրած սուրճի դիմաց: Դրանից հետո, երբ ինքը որոշել է հեռանալ սրճարանից, ամբաստանյալից պահանջել է չհետապնդել իրեն, ապա քայլել է դեպի զբոսայգու տարածքում գտնվող հասարակական զուգարանի կողմ` բնական կարիքները հոգալու: Սկզբում շփոթել ու բացել է տղամարդկանց համար նախատեսված զուգարանախցի դուռը, ապա մտել է կանանց համար նախատեսվածը: Մի քանի րոպե անց, երբ ինքը լվացվել է` պատրաստվելով դուրս գալ զուգարանից, ամբաստանյալը մտել է ներս: Վերջինիս տեսնելով` ինքը սկսել է բղավել, սակայն այդ պահին նա մի ձեռքով բռնել է իր բերանը, իսկ մյուս ձեռքով գրկել և սեղմել է մարմնին` ասելով, որ ցանկանում է սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Ինքը դիմադրել է, որպեսզի կարողանա ազատվել և փախչել ամբաստանյալից, որի ընթացքում նաև կծել է նրա ձեռքը և ուսը, սակայն վերջինս շարունակել է նույն պահվածքը, ու գցելով գետնին` փորձել է իջեցնել իր տաբատը, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ Ոստիկանության աշխատակիցներն այդ պահին մտել են ներս, կանխել և ամբաստանյալին բերման են ենթարկել Ոստիկանության բաժին:

Ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, որ զբոսայգու տարածքում է գտնվել, այնտեղ գտնվող հասարակական զուգարանից օգտվելու նպատակով մոտեցել է դրան, իսկ երբ կանացի զուգարանի դռան մոտով քայլել է դեպի տղամարդկանց համար նախատեսվածը, ներսից բղավոցներ է լսել, մի պահ չի կողմնորոշվել` անհարմար զգալով մտնել կանացի զուգարան, սակայն տեսնելով, որ բղավոցները շարունակվում և ուղեկցվում են նաև օգնության կանչերով, հրելով բացել է կանացի զուգարանի դուռն ու տեսել, որ ամբաստանյալը, գրեթե գետնին գցած վիճակում, հետևի կողմից, մի ձեռքով բռնած է եղել տուժողի պարանոցից, մյուս ձեռքով` փորձել է նրա հագուստները հանել, իսկ վերջինս դիմադրել է: Տեսնելով իրեն և վրա հասած գործընկերոջը` ամբաստանյալը թողել է տուժողին, նրանք երկուսն էլ ոտքի են կանգնել, որից հետո տուժողը դողալով ու արտասվելով հայտարարել է, որ ամբաստանյալը ցանկացել է բռնաբարել իրեն, ինչը չի հերքել նաև ամբաստանյալը` ասելով, որ սխալվել է, այլևս նման բան չի անի, և այլն: Ամբաստանյալին բերման են ենթարկել:

 

Տեսանյութեր

Լրահոս