«Լևոն Տեր-Պետրոսյանը, ցավոք սրտի, հասել է մի մակարդակի, որ իր հայտարարություններն արդեն հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում». Էդուարդ Շարմազանով

«Թույլ տվողը ես չեմ, կան համապատասխան պետական կառույցներ՝ Ոստիկանություն, Դատախազություն, Անվտանգություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այն մասին, թե ինչ են իրենք անելու, որպեսզի թույլ չտան Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Նոր Հայաստան» շարժմանը խաթարել երկրի ներքին բնականոն ընթացքը:
Է. Շարմազանովի խոսքով՝ խոսքի ազատությունը մեր երկրում երաշխավորված է, ու յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է օրենքի սահմաններում իր խոսքը տեղ հասցնել.

«Իսկ այն, որ իշխանափոխության կոչեր են անում՝ իրենց խնդիրն է, այնպես չէ, որ պետք է իշխանություններին ծափահարեն, մեղք են այն իշխանությունները, որոնց միայն ծափահարում են: Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում արհեստականորեն լարվածություն մտցնեն: Իսկ իշխանափոխություն կլինի միայն 2017 թվականի պառլամենտական ընտրությունների միջոցով»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ այսօր հանրությունը կմոբիլիզացվի «Նոր Հայաստանի» շուրջ, ու գուցե հաջողվի հասնել իշխանափոխության, Է. Շարմազանովը պատասխանեց, որ խորհուրդ կտա՝ լրագրողները հանեն իրենց բառապաշարից «մոբիլիզացիա» բառը. «Նման բառ ձեր լեզվից հանեք: Մոբիլիզացիա մեր երկրում կարող է լինել միայն պատերազմի ժամանակ, մենք եղբայրներ ու քույրեր ենք, մենք իրար թշնամի չենք: Չի կարելի երկրորդ անգամ նույն գետը մտնել: Մենք այդ սխալն արդեն արել ենք»:

Լրագրողի ճշտող հարցին՝ նկատի ունեք Մարտի 1-ը՞, Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Այո, նաև Մարտի 1-ը: Այդ սխալն արդեն եղել է, և չի կարելի հանրությանը երկրորդ անգամ տանել բախումների: Չի կարելի ատելություն սերմանել: Չի կարելի ներքին թշնամիներ փնտրել»:

Անդրադառնալով նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին ՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ առաջին նախագահի հայտարարություններն արդեն մեծ հանրային հետաքրքրություն չունեն.

«Իմ կողմից հարգված առաջին նախագահը, ցավոք սրտի, հասել է մի մակարդակի, որ իր հայտարարություններն արդեն հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում: Ես ցավում եմ, որ իմ երկրի առաջին նախագահի հարցազրույցներն այնքան են կրկնվել, որ հանրային մեծ հետաքրքրություն չունեն, դա, գուցե, իր ոչ սկզբունքային գործելակերպի պատասխանն էր հանրության կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս