«Եթե այս սահմանադրական փոփոխությունների մասին խոսում է Լիսկան, սա արդեն ցուցանիշ է ինձ համար». Արթուր Սաքունց
«Երկրի կառավարման մոդելը նախագահական կլինի թե խորհրդարանական՝ կարևոր չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ մի խավ, որոնք իրենց համարում են կուսակցություն՝ հանձին Հանրապետական կուսակցության, ունեն փաստացի իշխանություն, որը թե՛ նախագահական, թե՛ պառլամենտական փաթեթավորմամբ՝ ունենալու է անկասկած և անվիճելի իշխանություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին՝ այս տեսակետը հայտնեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ եթե փորձ արվեր հավասարակշռել երկրի նախագահի լիազորությունները՝ պառլամենտով, գուցե հասկանալի լիներ, եթե փորձ արվեր, որպեսզի մինչ այդ փոփոխություններ կատարելը՝ կուսակցությունների ունեցվածքի առաջացման օրինականության հարցը լուծվեր՝ էլի հասկանալի կլիներ, բայց նախագծի առաջարկված տարբերակի համաձայն, ըստ իրավապաշտպանի՝ իշխանությունը տրվում է պառլամենտին, ու ստացվում է, որ դե ֆակտո երկիրը կառավարվելու է մեկ կուսակցության կողմից, որն ունենալու է մեծամասնություն:
«Այս առաջարկվող սահմանադրությունը խորացնում է քաղաքական այն ճգնաժամը, որը գոյություն ունի, փորձ է անում այդ դե ֆակտո մեկ կուսակցական համակարգին տալ իրավական հագուստ և տեսք: Ինքը ոչ միայն խորացնելու է ճգնաժամը, քանի որ լուծումներ չի տալիս, այլև անելանելի վիճակ է ստեղծում այդ ճգնաժամից դուրս գալու համար»,- հայտարարեց Ա. Սաքունցը:
168.am-ի հարցին՝ սահմանադրական բարեփոխումների առաջարկված նախագծում չե՞ք տեսնում դրական դրույթներ, իրավապաշտպանը պատասխանեց, որ իր համար դրական լինելու հիմնական ցուցանիշը դատական իշխանության անկախության ապահովումն էր, որն ինքն այս նախագծով չի տեսնում, հետևաբար՝ մնացածը երկրորդական են:
«Եթե այս սահմանադրական փոփոխությունների մասին խոսում է Լիսկան, սա արդեն ցուցանիշ է ինձ համար: Լիսկան խոսում է և ասում է՝ «այո, անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ», ես ասում եմ՝ Լիսկան հանդիսանում է սահմանադրական փոփոխության ցուցանիշը, ինքը կողմ է, հետևաբար՝ ինձ համար բոլոր հարցերը պարզ են»,- նշեց Ա. Սաքունցը:
Ա. Սաքունցը կարծում է նաև, որ պետք է հանրությունն ընդդիմանա և փողոց դուրս գա: Ըստ նրա՝ միայն այդ եղանակով կարելի է այդ պրոցեսը դադարեցնել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: