«Տպավորություն է, որ Հայաստանը Ռիգա է ուղարկվել ՌԴ-ի կողմից տորպեդահարելու այդ պրոյեկտի շրջանակում ընդունվող որոշումները». Աղասի Ենոքյան

168.am-ի զրուցակիցն է «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը:

Պարոն Ենոքյան, Սերժ Սարգսյանը, երեկ ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Հաշվի առնելով վերջերս ստորագրված ԱՄՆ-ՀՀ «Առևտրի և ներդրումների» համաձայնագիրը, ԱլԳ Ռիգայի գագաթաժողովում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տալու խոսակցությունները` տեսակետ կա, որ ՀՀ-ն հավասարակշռում է իր արտաքին քաղաքական ընտրությունը: Սակայն մեկ այլ կարծիքի համաձայն էլ` Հայաստանն ունի Մոսկվայի թույլտվությունը հատկապես, երբ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարում է, որ ընդունում է ԱՊՀ երկրների բազմավեկտոր քաղաքականություն վարելու իրավունքը: Ինչպե՞ս եք Դուք բացատրում տեղի ունեցողը:

– Այս ամենը մի քանի բացատրություն կարող է լինել: Մեկն այն է, որ Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումն է Հայաստանի ապագան, դա Հայաստանի զարգացման ուղղությունն է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հստակ գնահատելով երկրի հեռանկարները ԵՄ-ի հետ մերձեցման պայմաններում, նման հայտարարությամբ հանդես եկավ: Մյուս տարբերակն այն է, որ, այնուամենայնիվ, Հայաստանն ունի երկու` եվրոպական և ռուսական, վեկտորների միջև խուսանավելու որոշակի հնարավորություն և փորձում է օգտագործել այդ հնարավորությունը:

Կա երրորդ տարբերակը ևս. ինչպես ցույց տվեց Ռիգայում ընթացող ԱլԳ գագաթաժողովը, Հայաստանը փորձում է, մասնակցելով նման ձևաչափի պրոյեկտներին, տորպեդահարել պրոյեկտի շրջանակում ընդունվող որոշումները: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից ուղարկվել է Ռիգա, որպեսզի այս պրոյեկտը չկարողանա արդյունավետ աշխատել, հնարավորինս խոչընդոտի այս կազմակերպության աշխատանքներին: Այս տարբերակն էլ հնարավոր է, ըստ իս:

Կարդացեք նաև

– Նկատի ունեք գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում Ղրիմի բռնակցման վերաբերյալ Հայաստանի և Բելառուսի բարձրացրած առարկությունները, որոնց արդյունքում, ըստ մամուլի, փոխվել են ձևակերպումնե՞րը:

– Այո, հենց դա նկատի ունեմ: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ու Բելառուսը խոչընդոտում են, թույլ չեն տալիս, որ պրոյեկտի շրջանակներում Ռուսաստանի դեմ ձևակերպումներ և որոշումներ ընդունվեն:

– Այսինքն` ըստ Ձեզ, ՀՀ իշխանությունների ցուցաբերած «և-և» քաղաքականության ձգտումները արհեստակա՞ն են:

– Հայաստանը մշտապես կողմ է եղել «և-և»-ի քաղաքականությանը: Խնդիրն այն է, որ դրան դեմ են եղել Ռուսաստանը և Եվրոպական միությունը: Եթե այս երկու կողմերը հանեն նման քաղաքականություն վարելու հարցում իրենց դրած վետոն, կարծում եմ, Հայաստանը կվերադառնա այդ քաղաքականությանը:

– Արդեն երևակվում են Ռիգայում անցնող ԱլԳ չորրորդ գագաթաժողովի արդյունքները: Ինչո՞վ կնշանավորվի այս գագաթաժողովը:

– Արդյունքում հստակ որոշումներ, կարծես, չեն ընդունվելու: Ինչպես ես եմ հասկանում, Արևելյան գործընկերության գոտում ԵՄ նոր քաղաքականության ուրվագծերն են նշմարվում: Հայաստանի համար այստեղ բավարար որոշում կլիներ, իհարկե, Եվրոպական վիզաների առավել ազատականացումը Հայաստանի համար, խոսքը և՛ ապրանքային, և՛ մարդկային տեղաշարժին է վերաբերում: Մնացած բոլոր հարցերում լուրջ անորոշություն կա:

 

Տեսանյութեր

Լրահոս