«Արաբկիր» բ/կ-ում մահացած 2.5-ամյա Լիա Միսակյանի գործի քննությունը հետաձգվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, ով դատարանին տեղեկացրել է, որ այսօրվա դատական նիստին ներկայանալ չի կարող առողջական վիճակի պատճառով: Դատական այսօրվա նիստում գործվ մեղադրողը պետք է հանդես գար ճառով, սակայն ամբաստանյալը չցանակացավ, որ նիստն անցկացվի իր պաշտպանի բացակայությամբ:

Մեղադրող Դավիթ Կարապետյանն ասաց, որ առանց պաշտպանի կարող են շարունակել դատական նիստը, և դա խախտում չի կարող դիտվել, քանի որ նիստը ձայնագրվում է, անհրաժեշտության դեպքում էլ պաշտպանին կարող է տրամադրվել ճառերի թղթային օրինակները և պաշտպանը կարող է ամբողջութմաբ ծանոթանալ մեղադրող կողմի ճառերին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ևս կողմ էր, որ նիստը շարունակվի:

Գործով մյուս ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտապան Երեմ Սարգսյանն ասաց, թե չի բացառվում, որ եթե պաշտպանը ներկա լինի նիստին, օգտվելով իր իրավունքներից՝ կարող է այնպիսի միջնորդություն ներկայացնել, որ գուցե հերթը չհասնի կողմերի ճառերին: Պաշտպանի բացակայությունն, ըստ նրա, արգելում է դատական նիստի շարունակումը:

Դատավորը հետաձգեց դատական նիստը՝ նշելով, որ հնարավոր չէ դատական նիստն անցկացնել առանց պաշտպանի մասնակցության, որ պաշտպանի բացակայությամբ գործի քննությունն էապես կվնասի ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրականացմանը:

Դատական նիստը նշանակվեց մարտի 12-ին:

Տեսանյութեր

Լրահոս