Մահացած երեխայի հայրը՝ դատարանում. «Որ ասում են՝ երեխան լավ է եղել, ո՞նց են հասկանում, որ լավ է եղել, ուրեմն սովորեցրել են, չէ՞»

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած 2,5-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքով գործի քննության ընթացքում հարցաքննվեցին բ/կ-ի աշխատակիցներ։

Լաբորանտ Նաիրա Քոչարյանը դատարանում ասաց, որ բժշկական կենտրոնի լաբորատորիայում հերթապահել է 2012թ. դեկտեմբերի 31-ին. հենց այդ օրն է հիվանդանոց ընդունվել Լիա Միսակյանը։ Նա նշեց, որ այդ օրը ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը մի քանի անգամ եկել է լաբորատորիա, հետաքրքրվել երեխաների անալիզների նախնական տվյալներով։

Վկան ասաց, որ իր հերթապահության ընթացքում իրեն Լիա Միսակյանի արյան նմուշ չի հանձնվել։ Նա տեղեկացրեց, որ արյան նմուշներն իրենք տալիս են ապարատին, մի քանի րոպեում պատրաստ են լինում անալիզի նախնական տվյալները, վերջնական տեսքով պատասխանները գրում է բժիշկը։

Վկան, պատասխանելով մեղադրողի հարցին, ասաց, որ արյան անալիզների նախնական տվյալներում շեղումներ լինելու դեպքում դրա մասին տեղեկացնում են հերթապահ բժշկին։

Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաև վկա, Արաբկիր բ/կ-ի սանիտար Ռուզաննա Օհանյանը, ով ասաց, որ հերթապահել է 2012թ. դեկտեմբերի 31-ին, Լիա Միսակյանն ընդունվել է հիվանդանոց, ինքը նրան տեղավորել է պալատում. «Բալիկը շատ առողջ էր, առույգ, նորմալ»։

Հետագայում, երբ նորից հերթապահություն է ստանձնել, տեղեկացել է, որ երեխան մահացել է։ Նա, պատասխանելով մեղադրողի հարցին, ասաց, որ իր պարտականությունների մեջ է մտնում մաքրությունը, հիվանդի հետ նորմալ վերաբերվելը, անալիզները լաբորատորիա տանելը, դրանք բերելը։

Վկան դատարանում ասաց, որ երեխայի արյան նմուշը լաբորատորիա տարել է դեկտեմբերի 31-ին, երեկոյան, հետո նաև առավոտյան։ Դատավորն ասաց, որ բուժքույրը ցուցմունք է տվել, որ այդ օրը երեխայից չի կարողացել արյան նմուշ վերցնել, ապա հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող էր վկան նախորդ օրը նմուշը տանել լաբորատորիա, եթե նմուշ չի վերցվել։

Վկան պատասխանեց, որ հնարավոր է շփոթել է. «Շատ անալիզներ են եղել, բալիկինը չեմ հիշում երևի։ Կարող է շփոթել եմ ուրիշ անալիզի հետ»։

Տուժողի իրավահաջորդ ճանաչված երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանը հետաքրքրվում էր՝ արդյոք վկան մեկ անգա՞մ է տեսել երեխային ու որոշել, որ նրա վիճակը լավ է, թե՞ մի քանի անգամ։

Դատավորն արձագանքեց հարցին՝ նշելով, թե ինչպես կարող է սանիտար վկան իմանալ երեխայի վիճակը։ «Որ ասում են՝ երեխան լավ է եղել, ոնց են իրենք հասկանում, որ լավ է եղել։ Ուրեմն սովորեցրել են, չէ՞»,- արձագանքեց երեխայի հայրը։

Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հետաքրքրվում էր՝ արդյոք վկայի աշխատանքային փորձի ընթացքում եղե՞լ է դեպք, որ լաբորատորիայից զանգահարեն բաժանմունք և տեղեկացնեն, որ անալիզներում շեղումներ կան։

Վկան էլ հայտնեց, որ եթե լաբորատորիայի բաժանմունք են զանգահարում, ինքը տեղեկացնում է բժշկին։

Տեսանյութեր

Լրահոս