Սարգսյան-Ալիև հանդիպմամբ Ֆրանսիան ամրապնդեց իր դիրքերը ՌԴ-ի ազդեցության ներքո գտնվող երկրներում. Le Monde

Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հոկտեմբերի 27-ին Փարիզում միմյանց հետ շփվել են ջերմորեն:

Հանդիպմանը ներկա գտնված ֆրանսիացի դիվանագետը թերթին հայտնել է. «Երդվյալ թշնամիներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանկարծ դարձան մտերիմներ, նրանք շատ ջերմ են գտնվել միմյանց նկատմամբ, միմյանց հետ խոսել են «դու»-ով»: Դիվանագետը չի թաքցրել իր զարմանքը երկու թշնամիների նմանատիպ շփումից.

«Ո՞վ է արարել այդ հրաշքը: Հնարավոր է՝ Ֆրանսուա Օլանդը, ով Ելիսեյան պալատում նախաձեռնել է երկու առաջնորդների հանդիպումը: Օլանդը փորձել է դիվերսիֆիկացնել քննարկման թեմաները, որպեսզի նախագահները չկենտրոնանան Ղարաբաղյան հակամարտության ցավոտ թեմայի վրա»:

Թերթն ընդգծում է, որ, այնուամենայնիվ, հանդիպման արդյունքը մեծ չէ, տեսանելի չէ հակամարտության կարգավորումը, և միակ արդյունքը եղել է 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպելու շուրջ պայմանավորվածության գալը:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքերով՝ Օլանդի շրջապատն այդ ամենի հետ մեկտեղ գոհ է նաև նրանից, որ Ֆրանսիան ամրապնդեց իր դիրքերը Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրներում. «Սակայն այդ երկրները ձգտում են մերձենալ Եվրոպայի հետ:

Դրա համար էլ Փարիզի նշանաբանը հետևյալն է. չստիպել նրանց՝ ընտրություն կատարել ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև, ինչպես որ դա եղավ Ուկրաինայի հետ՝ խուսափելու համար իրադարձությունների կրկնվելուց: Խոսքը չի գնում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման մասին: Մենք չենք ցանկանում ընկնել ծուղակը»:

Տեսանյութեր

Լրահոս