Թաիլանդի վարչապետը Թրամփի հետ քննարկել է Կամբոջայի հետ հակամարտությունը
Թաիլանդի վարչապետ Անութին Չարնվիրակուլը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Կամբոջայի հետ հակամարտությունը։ Այս մասին Չարնվիրակուլը նշել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք բանակցություններ ենք անցկացրել, մթնոլորտը լավն էր»,- ասել է Չարնվիրակուլը։ Նա ընդգծել է, որ Թաիլանդը պարտավոր է պաշտպանել իր ինքնիշխանությունը, պաշտպանել իր սահմանները, պաշտպանել իր քաղաքացիների ու ժողովրդի կյանքը։
«Հենց սա ես պետք է բացատրեի նախագահ Թրամփին, որպեսզի նա չմտածի, թե Թաիլանդը հարձակվում է Կամբոջայի վրա։ Դա ամենևին այդպես չէ։ Մեր գործողությունները պատասխան են՝ ինքնապաշտպանություն»,- նշել է Թաիլանդի վարչապետը։
2025 թվականի հուլիսին երկու երկրների բախման արդյունքում զոհվել էր 48 մարդ, իսկ 300 հազարը տեղահանվել էին։ Այն ժամանակ ԱՄՆ-ին հաջողվել էր կողմերին մղել բանակցությունների։ Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը:
Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին: Սակայն, նոյեմբերին Թաիլանդը սառեցրել էր լարվածության թուլացման միջոցառումները՝ պնդելով, որ նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ թաիլանդցի զինվոր էր զոհվել կամբոջացիների տեղադրած ականի պայթյունից։
Կամբոջան հերքել էր այդ մեղադրանքը։ Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր գործադրել բոլոր ջանքերը՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը դադարեցնելու համար։



