Ինչու է Սուրիկ Խաչատրյանը պնդել, որպեսզի Ավետիք Բուդաղյանը նստի իր ավտոմեքենան և հանձնի «Պասաժ» կոչվող օբյեկտի կեսը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր շարունակեց ներկայացնել իր բողոքները: Փաստաբանը դատարան է բողոքարկել 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները:

Նա նշեց, որ գործի նյութերն իրենց չտրամադրելը զրկել է իրենց քննիչի որոշումը բողոքարկելու իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունից:

«Ակնհայտ է, որ քննիչի որոշման հիմքում դրված ապացույցների արժանահավատությունը, հավաստիությունը կասկածի տակ դնելու համար մեզ անհրաժեշտ էին այդ ապացույցները, մասնավորապես՝ ցուցմունքներն ամբողջությամբ, այլ ոչ թե նրանց այն հատվածները, որոնք մեջբերված են քննիչի որոշման մեջ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նա նշեց նաև, որ նույնիսկ այն սակավաթիվ ապացույցները, որոնք մինչև բողոքը ներկայացնելը տրամադրված են եղել իրենց, վկայում են այն մասին, որ քննիչի և դատախազի հետևությունները տրամագծորեն հակասում են այդ ապացույցներին և անարժանահավատ են:

Կարդացեք նաև

«Ակնհայտ անտրամաբանական են, հետևապես՝ նաև անարժանահավատ քննիչի և դատախազի հետևություններն այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանին հարվածել է միայն Զարզանդ Նիկողոսյանը:

Ի հիմնավորումն այս անտրամաբանական վարկածի, քննիչը հիշատակել է Զարզանդ Նիկողոսյանի ցուցմունքը, ըստ որի՝ ստացվում է, որ իր և Ավետիք Բուդաղյանի միջև անախորժ խոսակցությունը ավտոմեքենայում ծավալվելու ընթացքում Սուրիկ Խաչատրյանը ննջելիս է եղել:

Հատկանշական է, որ որոշման մեջ քննիչը չի ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքն այս դրվագի վերաբերյալ: Բացի այդ՝ քննիչը և նաև դատախազը չեն վերլուծել, թե ավտոմեքենայի մեջ որտեղ են նստած եղել Զարզանդ Նիկողոսյանը, և որքանով էր հնարավոր նկարագրված գործողությունների կատարումը՝ առանց Սուրիկ Խաչատրյանի միջամտության: Անտրամաբանական է նաև, որ Զարզանդ Նիկողոսյանը, փաստացի լինելով Սուրիկ Խաչատրյանի ենթական, համարձակվեր առանց նրա հրահանգի վիճաբանության մեջ մտնել և, առավել ևս, հարվածել Սուրիկ Խաչատրյանի կողմից ավտոմեքենա հրավիրված անձին:

Առավել ևս անտրամաբանական է, որպեսզի Զարզանդ Նիկողոսյանի հետ «անախորժ խոսակցություն» ունենալուց և երկու հարված ստանալուց հետո Ավետիք Բուդաղյանի վերժխնդրության հիմնական թիրախը դառնար ոչ թե Զարզանդ Նիկողոսյանը, այլ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես դա նկարագրված է քննիչի որոշման մեջ»,- դատարանում ասաց Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ Արտակ և Էմիլ Բուդաղյանները, հիմնվելով Ավետիք Բուդաղյանից ստացված տեղեկությունների վրա, իրենց ցուցմունքներով մանրամասն նկարագրել են Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում տեղի ունեցած իրադարձությունները:

«Ավելին, Էմիլ Բուդաղյանն իր ցուցմունքում նաև մատնանշել է, որ այդ տեղեկություններին է տիրապետում նաև հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի կնոջ՝ Անահիտի միջոցով: Բուդաղյանների ասելով՝ Սուրիկ Խաչատրյանը սկզբում համառորեն պնդել է, որպեսզի Ավետիք Բուդաղյանը խնջույքի վայրից տուն վերադառնա հենց հատկապես իր՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայով, իսկ այնուհետև, երբ ավտոմեքենան շարժվել է, վիրավորական տոնով դիմել է Ավետիքին՝ հաշիվ պահանջելով, թե ինչու են Գորիս ժամանած բարձրաստիճան հյուրերը նախընտրել հանդիպել Ավետիք Բուդաղյանին, որից հետո պահանջել է, որպեսզի այնուհետ Ավետիք Բուդաղյանն իր հետ կիսի Սյունիքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտները և հանձնի «Պասաժ» կոչվող օբյեկտի կեսը:

Ստանալով մերժում՝ Սուրիկ Խաչատրյանը հայհոյել և հարվածներ է հասցրել Ավետիք Բուդաղյանին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս ցուցմունքների առկայության մասին քննիչը ոչինչ չի նշել:

Հայկ Ալումյանի խոսքով՝ դեպքի օրը հրազենային 1 վիրավորում ստացած Արտակ Բուդաղյանը ցուցմունք է տվել, որ դեպքի վայր գալուց տեսել է, թե ինչպես մոտ 5-6 հոգի բացել են Ավետիքի ավտոմեքենայի դուռը և քաշքշում ու հարվածում էին նրան, իսկ երբ տեսել են իր մեքենան, նրանցից 3-ը, որոնցից առնվազն մեկը զինված, ագրեսիվ կեցվածքով մոտեցել են իր ավտոմեքենային.

«Տեսագրության մեջ պարզ երևում է այս փաստը: Միաժամանակ պարզ երևում է, որ մինչև Արտակ Բուդաղյանի՝ դեպքի վայր գալն այդ 5 հոգին բացել էին Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենայի դուռը, քաշքշում էին նրան: Երևում է նաև, որ այդ քաշքշողներից առնվազն մեկն արդեն իսկ զինված էր»:

Փաստաբանի խոսքով՝ քննիչն ու դատախազն անտեսել են այն հանգամանքը, որ նախքան Արտակ Բուդաղյանի՝ դեպքի վայր գալն Ավետիք Բուդաղյանն առհասարակ ավտոմեքենայից չի իջել, իսկ իջել է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջացել Արտակ Բուդաղյանին՝ եղբորը, հեռացնել դեպքի վայրից:

«Ավետիք Բուդաղյանի վրա առաջին կրակոցները տեղի են ունեցել հենց այն ժամանակ, երբ նա հեռացրել էր Արտակ Բուդաղյանին դեպքի վայրից»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նա նշեց նաև, որ քննիչն ու դատախազը չեն մասնավորեցրել, թե Ավետիք Բուդաղյանի հրազենային մարմնական վնասվածքներից որ մեկը երբ է առաջացել և ում կողմից է պատճառվել:

Նրա խոսքով՝ Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ կրակել են այն ժամանակ, երբ նա եղբորը հեռացրել էր դեպքի վայրից. նա նշեց, որ մինչ հրազենային վնասվածք ստանալու պահն Ավետիք Բուդաղյանը Խաչատրյանների դեմ ուղղված ոչ մի գործողություն չի կատարել:

Փաստաբանն ասաց, որ անտրամաբանական է խոսել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի կողմից՝ անհրաժեշտ պաշտպանության, իսկ Ավետիք Բուդաղյանի կողմից՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձի և դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մասին:

«2 կրակոց է Ավետիք Բուդաղյանը կատարել, 13-ն իրենք են կատարել, ընդ որում, տեսանյութից էլ պարզ երևում է, որ առաջին երեք կրակոցն էլի կատարել է Տիգրան Խաչատրյանը: Ուրեմն առաջին երեք կրակոցը կատարել է Տիգրան Խաչատրյանը, հետո ընթացքում մնացած 12 կրակոցից 10 կրակոցն էլ էլի իրենք են կատարել, երկու կրակոցը՝ Ավետիք Բուդաղյանը, և այս պայմաններում ստացվում է այնպես, որ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ կատարողն է, իսկ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը պաշտպանվողներն են, որոնք անհրաժեշտ պաշտպանության սահմաններում են գործել, նույնիսկ սահմանը չեն անցել»,- դատարանում հայտարարեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանն ասաց նաև, որ սպանված Ավետիք Բուդաղյանի հիմնական իրավունքներից մեկը նրա անմեղության կանխավարկածի հարգումն է.

Սահմանադրության 21րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Ավետիք Բուդաղյանի՝ անմեղության կանխավարկածի հարգման իրավունքի վերականգնման նպատակով պարոն Էմիլ Բուդաղյանը՝ որպես նրա իրավահաջորդ, անհրաժեշտ է համարել, որպեսզի քրեական գործը նրա նկատմամբ քննվի և ուղարկվի դատարան, որպեսզի դատական կարգով, արդարացման դատավճռով ճանաչվի և հռչակվի Ավտիք Բուդաղյանի անմեղությունը: Հակառակ դեպքում, եթե նա պետք է մեղավոր ճանաչվի, ապա պահանջում ենք, որպեսզի դա տեղի ունենա ոչ թե քննիչի որոշմամբ, այլ դատարանի դատավճռով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը խնդրեց վերացնել քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ զինվորական դատախազի որոշումը:

Նա ներկայացրեց նաև այդ որոշման դեմ Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի բողոքը: Բողոքում Էմիլ Բուդաղյանը նշել է, որ Հայկ Ալումյանից տեղեկացել է, որ քննիչի կողմից որոշում է կայացվել որդու նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նրա մահվան հիմքով ապացուցված է համարել, որ Ավետիք Բուդաղյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նախատեսված հանցագործություններ:

Ներկայացնելով Էմիլ Բուդաղյանի բողոքը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ որպես որոշման հիմք՝ քննիչի կողմից վկայակոչվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը: Ըստ փաստաբանի՝ օրենսգրքի այդ հոդվածի համապատասխան կետը նախատեսում է, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:

«Մահացած որդուս՝ Ավետիք Բուդաղյանի անմեղության կանխավարկածի հարգման իրավունքի վերականգնման նպատակով՝ որպես նրա իրավահաջորդ՝ անհրաժեշտ եմ համարում, որպեսզի քրեական գործը նրա նկատմամբ քննվի և ուղարկվի դատարան, որպեսզի դատական կարգով ճանաչվի և հռչակվի նրա անմեղությունը, հակառակ դեպքում, եթե նա պետք է մեղավոր ճանաչվի, ապա պահանջում եմ, որ դա տեղի ունենա ոչ թե քննիչի որոշմամբ, այլ դատարանի դատավճռով:

Բացի այդ՝ նշված որոշման մեջ տրված գնահատականները կարող են խոչընդոտ հանդիսանալ դեպքի իրական հանգամանքները պարզելու և որդուս սպանության մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- Էմիլ Բուդաղյանի բողոքը դատարանում մեջբերեց Հայկ Ալումյանը:

Նա  ներկայացրեց նաև Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների դեմ իր բողոքները: նա նշեց, որ դրանց հիմքն Ավետիք Բուդաղյանի գործողություններին տրված ոչ ճիշտ գնահատականներն են. «Իբր թե Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ է իրականացրել»: Փաստաբանն ասաց, որ քննիչի, ինչպես նաև դատախազի որոշումներն անհիմն են ու անօրինական:

Դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի հոկտեմբերի 30-ին, որի ընթացքում իրենց պատասխանը կներկայացնեն գործով քննիչն ու դատախազը, ապա Հայկ Ալումյանը կլրացնի իր բողոքները:

Տեսանյութեր

Լրահոս