«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)

Սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր Երևան-Սևան մայրուղու վրա երկար ժամանակ զրուցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նրանք նախարարին խնդրեցին ներկայացնել՝ ի՞նչ են իրեն զեկուցել այս ողբերգական դեպքի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը նախ ասաց, որ զորամասի մի շարք աշխատակիցներ հեռացվելու են աշխատանքից. «Այս դեպքի կապակցությամբ ծառայողական քննությամբ մինչև գնդի հրամանատարի համապատասխան տեղակալը, մարտկոցի հրամանատարը, դիվիզիոնի հրամանատարը, գնդի հրամանատարի տեղակալը անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով, որը պատասխանատու է դաստիարակության համար, շտաբի պետը, որը պատասխանատու է պահակային ծառայության համար, միանաշանակ պաշտոններից ազատվելու են, քրեական գործի շրջանակներում պատասխանատվություն են կրելու սպաներ, հրամանատարներ: Գնդի հրամանատարը խիստ ձևով պատժվելու է»:

Սեյրան Օհանյանը նաև հայտարարեց, որ մեղավորները խստագույնս պատժվելու են: Նախարարին արձագանքեց Լյուքս Ստեփանյանի մայրը՝ տիկին Լուիզան, նշելով. «Դատով չեն բավարարվում»: Նրա ասելով՝ ինքը տեղյակ է՝ իր որդու վրա կրակած անձը «թիկունք ունի». «Ու ասել ա՝ ես թիկունք ունեմ ու կարամ խփեմ: Ասել ա՝ չես կարա: Ասել ա՝ կարամ: Ու տվել ա: Ո՞նց ա տվել, որ երկուսին ա տվել: Դիտավորյալ երկուսին էլ խփել ա»,- ասում էր տիկին Լուիզան: Նա նաև հավելեց. «Եթե չէ, գիտես չէ՞, զենքը վաճառում են ազատ, ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ: Ու կգնամ, իրա պես կնստեմ: Ես ոչինչ կորցնելու չունեմ: Ինձ չեք կարա դատեք»:

Տեսանյութեր

Լրահոս