Մարտահրավեր «հաստիքային հայրենասերներին»

Կիրակի օրը երկօրյա այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսը, ով երեկ հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարվել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը առաջիկայում համագործակցություն կսկսեն ռազմաարդյունաբերության ոլորտում:

«Սա նոր ուղղություն է, որտեղ մենք կարող ենք փորձի փոխանակում իրականացնել, որովհետև համարում ենք, որ լինելով ետխորհրդային պետություն` մենք հիմնականում մեր սպառազինության և ռազմական տեխնիկայի կազմում ունենք Խորհրդային Միության միավորները: Այնուամենայնիվ, տարբեր առաջատար չափանիշների ներդրման ուղղությամբ մենք կարող ենք փորձի փոխանակում իրականացնել` հատկապես հատուկ նշանակության միջոցների օգտագործման ուղղությամբ»,- ասել է Ս.Օհանյանը` շեշտելով, որ հատուկ նշանակության միջոցները հրաձգային զենքեր և տարբեր օպտիկական միջոցներ են, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արդիականացնել Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգը:

«ԱՄՆ ռազմածովային ուժերը և ծովային հետևակի կորպուսը աշխատել են Հայաստանի պաշտպանության նախարարության հետ` ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաև վերջին երկու տարիներին վարժանքների իրականացման ուղղությամբ: Պատրաստվում ենք այս ուղղություններով աշխատանքները շարունակել առաջիկայում»,- հայտարարել է Ռ. Մաբուսը` ավելացնելով, որ ԱՄՆ-ը անչափ կարևորում է Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները, և այդ մասին են վկայում պաշտպանության բնագավառի բարձրաստիճան ներկայացուցիչների փոխայցելությունները:

Ի դեպ, Ռ. Մաբուսը Երևանում է ոչ տարածաշրջանային այցի շրջանակներում (ինչպես սովորաբար լինում է նման պաշտոնյաների դեպքում), այսինքն` սա հերթական արարողակարգային այցերից չէ: «2011 և 2012 թվականները մեր հարաբերությունների մեջ առանձնահատուկ են եղել` բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդատվությունները և մանավանդ ԱՄՆ կատարած իմ այցը: Եվ այս այցը խոսում է այն մասին, որ Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության բնագավառում հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և դինամիկ զարգացման միտում ունենք»,- իր հերթին հայտարարել է Ս. Օհանյանը:

Ամերիկացի զինվորականի այցելությունը, նրա և Ս. Օհանյանի կողմից հնչած հայտարարությունները ռազմաարդյունաբերության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության վերաբերյալ, ուշագրավ են հատկապես վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների սրման, ավելի ճիշտ` Ռուսաստանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացվող ճնշումների համատեքստում: Ամերիկյան կողմի հետ ռազմական համագործակցությունը, թերևս, հայկական կողմի առայժմ միակ իրական պատասխանն է ռուսական «պահանջատիրությանը», վերջին շրջանում Հայաստանի անվտանգության ու «հայերի ինքնության պահպանման» մասին հիշեցնող ռուսական պաշտոնական ու կիսապաշտոնական շրջանակներին:

Ուստի առաջիկայում պետք է սպասել լեոնտևների և այլ ռուս «փորձագետների» հակահայկական գրառումներին: Բացառված չէ, որ նրանց միանան նաև «տեղական հայրենասերները»:

Տեսանյութեր

Լրահոս