Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել 1967 թվականի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին: Ոյս մասին նշված է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Սի Ծինփինի՝ Ֆրանսիա կատարած պետական այցի արդյունքներով։
«Երկու պետությունների ղեկավարները կոչ են արել․․․․ ստեղծելու կենսունակ, անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետություն 1967 թվականի սահմաններում», – նշված է հայտարարությունում։
Բացի այդ, Փարիզը և Պեկինը կարևոր խնդիր են համարում հրադադարը Մերձավոր Արևելքում և Գազայի խաղաղ բնակչության պաշտպանությունը։
«Պետությունների ղեկավարներն ընդգծել են անհապաղ և տևական հրադադարի կարևորությունը, որն անհրաժեշտ է Գազայի հատված լայնածավալ մարդասիրական օգնության առաքման և քաղաքացիական անձանց պաշտպանության համար։ Նրանք կոչ են արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր պատանդներին», – ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Էմանուել Մակրոնը և Սի Ծինփինը դեմ են արտահայտվել Իսրայելի հարձակմանը Ռաֆահի դեմ, «որը կհանգեցնի հումանիտար աղետի և պաղեստինցի խաղաղ բնակիչների զանգվածային տեղահանման»: