ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Լեռնային Ղարաբաղ
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի այցը Լեռնային Ղարաբաղ։
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Շուշի քաղաք, թեև իր այցի նախօրեին Caliber-ին տված հարցազրույցում բառացիորեն ասել էր, որ չի ցանկանում «որևէ մեկի շոուի» մասնակից դառնալ և կգնա այնտեղ «երբ ժամանակը գա»։
«Ես այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ»,- ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։
Ինչ վերաբերում է Ալմաթիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել՝ պարզաբանելով, որ ԱՄՆ-ն դրանից որևէ ակնկալիք չունի։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ալմաթիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու առաջարկն արել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցերի ժամանակ։