Այս իրավիճակի առաջացման մեղավորն առաջին հերթին իշխանություններն են, որոնք տարբեր միջոցներով անհարկի ծանրացրել են կառուցապատողների ֆինանսական բեռը՝ պարարտ միջավայր ստեղծելով նրանց սնանկացման համար։ Սնանկացումը շատ դեպքերում դարձել է ֆինանսական բեռից ազատվելու միակ միջոցը։ Ոչինչ, որ դրա հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված կլինեն կորցնել բնակարանն ունենալու հույսը։
Բնակարանային մեծածավալ շինարարության պայմաններում վերջին տարիներին կտրուկ աճել են շինարարության ոլորտին տրամադրվող վարկերը։ Դրանց ծավալներն այս տարվա ապրիլի վերջի դրությամբ հասել են 713 մլրդ դրամի, որը համարժեք է գրեթե 1,8 մլրդ դոլարի։ Այս ցուցանիշով շինարարությանը տրամադրված բանկերի վարկային պորտֆելը զիջում է միայն սպառողական ու հիփոթեքային վարկերին։ Վերջին 2 տարվա ընթացքում շինարարությանն ուղղված վարկերը գրեթե կրկնապատկել են։