Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Ալբանիայի խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել իրավապահների և մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների միջև: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ցուցարարները հայտնել էին, որ հուլիսի 23-ի վաղ առավոտյան հանրահավաք են կազմակերպելու խորհրդարանի նիստից առաջ, ոստիկանությունն էլ արգելապատնեշներ է տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց:
Ցուցարարները փորձել են հեռացնել արգելապատնեշները, իրավապահներն էլ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործի դրել բազմությանը ցրելու համար: Որոշ ցուցարարներ հավկիթներ են նետել ոստիկանների ուղղությամբ:
Ալբանացիներն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի համար՝ կապված ափամերձ տարածքներում հանգստավայրերի շինարարության հետ: Ամեն ինչ սկսվել է ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ կապված շքեղ հանգստավայրի կառուցման դեմ ցույցով: Այնուհետև բողոքի ակցիան տարածվել է նաև այլ նախագծերի վրա:
Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը:

