«Արցախի հողը մագնիսի նման ձգողականություն ունի, մենք վերադառնալու ենք»․ Ներքին Սուսի գյուղապետ
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղի ղեկավար Մխիթար Ներսիսյանը հերքեց այն տեղեկատվությունը, որ գյուղն արդեն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Գյուղում դեռ մեկ ընտանիք կա, մյուս բոլոր բնակիչների իրերն արդեն դուրս ենք բերել գյուղից։ Գյուղն առայժմ չի անցել ադրբեջանցիների հսկողության տակ, օգոստոսի 25-ից հետո կանցնի։
Վերջին իրադարձություններն ամեն ինչ ավելի արագացրեցին, ադրբեջանական ագրեսիան օգոստոսի սկզբներին հանգեցրեց սրան, որ մենք մեր տները թողնենք։ Ադրբեջանն իր ագրեսոր պահվածքով կրկին հարձակվեց Արցախի վրա, ունեցանք երկու զոհ, 19 վիրավոր, դրա արդյունքում էլ մեր տուն-տեղը թողեցինք այսպես»,- նշեց Ներքին Սուսի գյուղապետը։
Ըստ նրա, 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին գյուղ չի մտել, սակայն մշտապես փորձել է կրակել գյուղի վրա, բայց գյուղի աշխարհագրական դիրքն այնպես է եղել, որ կրակոցները հասել են միայն սարերին, բայց ոչ գյուղին։
Մխիթար Ներսիսյանը նաև ասաց՝ նպատակ է ունեցել Ներքին Սուս անունով փոքր գյուղ կամ գոնե թաղամաս ստեղծել, որտեղ կապրեն գյուղի բոլոր բնակիչները։ Երևանի Զվարթնոց թաղամասում 5 հարկանի շենք է տեսել, փորձել է դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի իր գյուղի բնակիչներին տրամադրի, սակայն տեղեկացել է, որ այն արդեն վաճառված է։
«Ամեն ինչ հնարավոր է անենք, պետք է կազմակերպենք, ու բնակիչները, որոնք տարբեր տեղերում են՝ հավաքենք, Ներքին Սուս անունով գոնե թաղամաս ստեղծենք։ Բնակիչներն էլ ուզում են, որ բոլորս մի տեղում լինենք»,- նշեց Վ. Ներսիսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Ներքին Սուսում գտնվող բոլոր հուշարձանները տեղափոխել են, այդ թվում՝ վերջերս տեղադրված զորավար Անդրանիկի կիսանդրին։
«Այդ տարածքում կազմակերպել ենք մոմավառություն, դրանով ոչ թե հրաժեշտ էինք տալիս գյուղին, այլ, որ մեր հողը մեզ համար թանկ է ու մի օր վերադառնալու ենք։ Արցախի հողը մագնիսի նման ձգողականություն ունի, մենք վերադառնալու ենք։
Մարդիկ իրենց տները դատարկում են մինչև վերջ, երկու տուն է մնացել, որ տանիք ունի։ Ինչո՞ւ պետք է իրենք իրենց տներն այդպես թողնեն, որ ադրբեջանցիները պատրաստի գան նստե՞ն»,- եզրափակեց Վարդան Ներսիսյանը։