Բաժիններ՝

Մանրամասներ Չարբախում կատարված դանակահարությունից

Օգոստոսի 18-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում դանակահարություն էր կատարվել…

Դեպքից րոպեներ անց մի տղամարդ ոստիկանության Չարբախի բաժանմունք մտավ: Հայտնում էր, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են: Դանակահարության մասին ոչ մի խոսք: Չէր ճանաչում վնասվածք հասցնողին: Վերնաշապիկն ու դեմքն արյունոտ էին, ճակատին քերծվածքներ կային:

Ոստիկանները շտապօգնություն կանչեցին: Տուժողը տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից քիչ անց ոստիկանության Չարբախի բաժանմունքում ահազանգ ստացվեց, որ տղամարդը ճակատի քերծվածքներից բացի, որովայնի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք ունի:

Թաքցրել էր, կամ տաք էր եղել, չէր նկատել, որ նաև դանակով են խփել:
Ոստիկաններն անհետաձգելի որոնողական աշխատանքներ սկսեցին: Անհրաժեշտ էր պարզել, որտեղ էր կատավել դեպքը, տուժողը հստակ հասցեն չէր հիշում, նաև ականատես վկաներ հայտնաբերել:

Միջոցառումները շարունակվեցին և դանակահարությունը բացահայտվեց ժամեր անց` համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում:

Համայնքային ոստիկանները նախ ճշտել էին, թե դեպքը որտեղ է կատարվել, ապա բնակիչների շրջանում իրականացրած հարցումների արդյունքում պարզել, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Շարուրի փողոցի բնակիչ Նվեր Բաղդասարյանը:

Նույն օրը նշված փողոցից Բաղդասարյանը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նվեր Բաղդասարյանը հենց իրենց շենքի շքամուտում էր դանակահարել տուժողին, որն, ըստ նախնական տվյալների, ալկոհոլի ազդեցության տակ բարձրաձայն հայհոյել էր` չընդունելով շենքի բնակիչների դիտողությունները, վեճի բռնվել Բաղդասարյանի հետ:
Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նվեր Բաղդասարյանը ձերբակալված է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս