«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել Դավիդ Դե Խեայի հետ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է մոտակա ժամանակներում իսպանացի դարպասպահ Դավիթ Դե Խեայի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցություններ սկսել: Այս մասին հայտնում է BBC-ին:
27-ամյա դարպասապահի հետ ներկայումս գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ ամռանը: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իրավունք ունի ևս 12 ամսով երկարաձգելու այդ այմանագիրը: Սակայն «կարմիր սատանաները» հույս ունեն միանգամից նոր համաձայնագիր կնքել դարպասապահի հետ:
Արդեն մեկ անգամ չէ, որ հաղորդվել է Դե Խեայի նկատմամբ Մադրիդի «Ռեալ»-ի ունեցած հետաքրքրության մասին: «Սերուցքայինները» իսպանացուն ձեռք բերելուն շատ մոտ էին 2015թ-ին: Հնարավոր տրանսֆերի շուրջ սպեկուլյացիան չէր դադարում մինչև այն ժամանակ, երբ այս ամռանը մադրիդցիները «Չելսի»-ից ձեռք բերեցին Տիբո Կուրտուային:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ անգլիական ակումբը իսպանացի դարպասապահին ընդհանուր 50 մլն դոլար արժողությամբ 5 տարվա պայմանագիր կառաջարկի: Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011թ-ին Մադրիդի «Ատլետիկո»-ից: 2017/2018թթ մրցաշրջանում նա Անգլիայի առաջնության 37 հանդիպման է մասնակցել, որից 18-ում սեփական դարպասը կարողացել է անառիկ պահել: