ԵՄ-ն օգոստոսի 7-ից արգելափակում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում
Եվրամիությունն օգոստոսի 7-ից արգելափակում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում, ոպեսզի պաշտպանի եվրոպական ընկերություններին: Այդ մասին հայտնել են Եվրահանձնաժողովում:
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ ասված է, որ ԵՄ-ն խորապես ափսոսում է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման համար այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշեց դուրս գալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից:
«Մենք խորապես ափսոսում ենք ԱՄՆ-ի պատժամիջոցների գործողության վերականգնման կապակցությամբ այն բանից հետո երբ նա որոշեց դուրս գալ Իրան վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից»,- նշվում է հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծել են, որ ԳՀՀԾ-ն «աշխատում էեւ կատարում է իր խնդիրները՝ ապահովելով իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»:
Նախօրյակին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, քան նրանք, որոնք գոյություն ունեին 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի ստորագրումից առաջ:
Նա նշել է, որ պատժամիջոցները պատասխան են Իրանի ղեկավարությանը «չարամիտ գործողություններին», եւ որ պատժամիջոցների աղետալի հետեւանքների համար պատասխանատվությունն ընկնում է իրանական կառավարության վրա:
Օգոստոսի 6-ին լրանում է այն ժամկետը, որից հետո ԱՄՆ-ը պետք է վերականգնի Իրանի դեմ պատժամիջոցների առաջին մասը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման գծով տնօրեն Բրայան Հուքը հայտարարել է, որ այդ պատժամիջոցները կվերաբերեն Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին: Հակաիրանական պատժամիջոցներ երկրորդ մասը պետք Է ուժի մեջ մտնի մինչեւ նոյեմբերի 4-ը:
Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրազակցիաներին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: