Լավրովի հայտարարությունից հետո Մնացականյանը Մոսկվա չի մեկնել. Բալայանը հերքում է լուրերը
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվա չի մեկնել: 168.am-ի հետ զրույցում տարածված լուրերը կտրականապես հերքեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ ԱԳՆ խոսնակն ասաց, որ ծանոթ է տարածված տեղեկություններին: Նրա հավաստիացմամբ՝ Մնացականյանը Մոսկվա չի մեկնել:
Հիշեցնենք, որ այսօր 168.am-ը տեղեկություններ էր ստացել, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախօրեի կտրուկ հայտարարություններից հետո այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված թյուրընկալումները հարթելու և վերջին անախորժ միտումները վերացնելու նպատակով:
Ավելին, այս մասին տեղեկություններն ակտիվորեն տարածվել են նաև սոցիալական ցանցերի հարթակներում: Ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել էր. «Այսօր, որքան ես եմ հասկանում, Մոսկվա է ժամանելու Զոհրաբ Մնացականյանը»:
Տեղեկացնենք նաև, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ Երևանում ծավալված իրավական գործընթացներին, նշել էր, թե Հայաստանում իրադարձություններն ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ նաև ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել էր նա:
«Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգությունը հասցրել ենք հայկական ղեկավարությանը,- ավելացրել էր նախարարը,- հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կառուցողական ճանապարհով կընթանա»: