Աղիքային վարակներից ու նմանատիպ այլ հիվանդություններից խուսափելու համար մասնագետը հորդորում է պահպանել անհատական հիգիենան
Հայաստանում սեզոնային վարակիչ հիվանդությունները շարունակում են ակտուալ մնալ, բայց իրավիճակը վերահսկելի է: Օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Հունիս ամսվա տվյալներով՝ հանրապետությունում նկատվել է վարակիչ հիվանդությունների աճ մեկին մեկ՝ ի հաշիվ դիզենտերիա հիվանդության, որը չորս անգամ ավելի է արձանագրվել, քան նախորդ տարի: Հուլիս ամսին աճող թվերը պահպանվել են, բայց վերջին օրերին նկատվում է թեթևակի նվազում վարակների մասով»,-ասաց պաշտոնյան:
Եթե անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակի 988 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1107: Նախորդ տարվա հունիսին գրանցված դիզենտերիայի դեպքերը 33-ն են եղել, այս տարի ավելի քան 3 անգամ աճել է ցուցանիշը՝ 110 դեպք:
Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ նախարարությունը շարունակում է մոնիտորինգ անցկացնել վարակիչ հիվանդությունների տարածվածության վիճակի առնչությամբ՝ դիտարկելով ինչպես սննդային, այնպես էլ ջրի գործոնը: Նրա խոսքով՝ այս դեպքում պատճառն ավելի շատ սննդային գործոնն է:
Լիանա Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը համաճարակներին արագ արձագանքող 9 լավագույն երկրների ցանկում է, ստացել է 90 միավոր: «Ճանաչվել ենք այնպիսի երկիր, որը հնարավորություն ունի արագ ճանաչելու վիրուսն ու թույլ չտալու, որ բռնկումը տարածվի»,-նշեց բանախոսը:
Աղիքային վարակներն ու նմանատիպ այլ հիվանդությունները կանխարգելելու նպատակով՝ մասնագետը խորհուրդ տվեց պահպանել անհատական հիգիենան, սնունդը ճիշտ պատրաստել և պահպանել, շոգ օրերին խուսափել արևի ճառագայթներից, հիվանդանալու դեպքում էլ ինքնաբուժմամբ չզբաղվել: