Բաժիններ՝

Ինչու է անունը գաղտնի պահվում

«Կհայտնաբերվի, նոր կտեղեկացնենք։ Մենք սովորաբար հրապարակում ենք բացառապես պաշտոնատար անձանց անունները մեր հաղորդագրություններում։ Երբ անձը կհայտնաբերվի, կհարցաքննվի, իր մասնակցությամբ կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողությունները, կտեղեկացնենք։ Քննության շահերից ելնելով՝ այս պահին չենք ասի այլ մանրամասներ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ ի պատասխան հարցի, թե ո՞վ է բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը, որի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել։

Դիտարկմանը, որ քաղաքացիները կարող էին օգնել հետախուզությանը, Ս. Տռուզյանը պատասխանեց. «Երբ անհրաժեշտություն լինի, լուսանկարը նույնպես կտարածենք։ Քննության այս փուլում՝ ոչ»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում ասվում էր, որ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերևույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախնական քննության տվյալներով՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. սեպտեմբերին ՍՊ ընկերության վերականգնողական կենտրոնում ծանոթացել է մի քաղաքացուհու հետ, որի ընթացքում ներկայացրել է իրենց բարեգործական հասարակական կազմակերպության գործառույթները՝ նշելով, թե աջակցություն են ցուցաբերում զոհված զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ նաև բնակարաններ տրամադրելու հարցերով: Կազմակերպության նախագահը հավաստիացրել է տիկնոջը, որ որպես բարեգործական կազմակերպության ղեկավար, իբր, կաջակցի, որ նրա դուստրը` որպես մահացած զինծառայողի զավակ, ապահովվի բնակարանով:

Հ/կ նախագահը քաղաքացուց պահանջել և մոտ երկու շաբաթ անց բարեգործական հասարակական կազմակերպության՝ Երևան քաղաքում գտնվող գրասենյակում ստացել և հափշտակել է խոշոր չափերով` 1.911.520 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս