Բաժիններ՝

Հայաստանի փոխլրացնող կոշտությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է երկու հատկանշական հայտարարություն՝ ուղղված Եվրամիությանն ու Ռուսաս­տանին, իհարկե՝ տարբեր թե­մաներով և առիթներով:

Եվրամիության մասով Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Բրյուսելից հետո արած հայ­տարարությունը Հայաստանում նոր իրավիճակում աջակ­ցության ծավալների մասին: Սակայն նախօրեի հայտարա­րությունը աչքի է ընկել նրա­նով, որ այն, փաստորեն, եղել է ինչ-որ առումով պատասխան նաև ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտնի արձագանքին, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը, փաս­տորեն, վերահաստատելով իր խոսքը, կրկնել է բավականին կոշտ հարցադրումը, որ Եվրամիությունը պետք է կողմնորոշվի Հայաստանում փոփո­խությունների հանդեպ իր վե­րաբերմունքի գործնականացման հարցում:

Միևնույն ժամանակ, դրան զուգահեռ, անվտանգության հարցում Նիկոլ Փաշինյանը աննախադեպ հստակությամբ և բավական նկատելի կոշտ շեշտադրումով ընդգծել է Ռուսաստանի դերը, մասնավո­րապես, պատերազմ թույլ չտալու հարցում:

Նիկոլ Փաշի­նյանը հայտարարել է, որ Մոսկվան գերտերություն լի­նելով՝ միանգամայն ունակ է զսպել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները, և ինքը չի հավատում, որ Ռուսաստանը չի անի դա: Այդպիսով, Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի գործողությունների համար պա­տասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա:

Փաստորեն, նոր իշխանու­թյունը կամ ավելի շուտ այդ իշ­խանության ղեկավարը փոխլրացնող կոշտ մեսիջներ է հղում Բրյուսել ու Մոսկվա, մի դեպքում շատ հստակ արձա­նագրելով, որ եթե Եվրամիու­թյան աջակցությունը կախված է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումից, ապա Երևանը բացարձակապես հրաժարվում է դիտարկել այդպիսի պայման կամ հարց, մյուս դեպքում՝ այդպիսով նաև Ռուսաստանին մեսիջ հղելով, որ Հայաստանի նոր իշխանության այդ հստակ դիրքորոշումը պետք է իր հերթին անվտանգային աջակցության արժանանա Ռուսաստանում, որովհետև Հայաստանի, այսպես ասած, դաշնակցային պարտավորությունը կամ բարոյականությունը չպետք է լինի միակողմանի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս