Կմասնակցի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 11-12-ը Բրյուսել կատարելիք այցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի Բրյուսելյան այցի օրակարգին:
Հիշեցնենք, որ, թեև ավելի վաղ հայկական կողմը պաշտոնապես չէր հաստատում, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ջեյմս Ափաթուրայն օրերս նշել էր՝ մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետը:
«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օրերս ասել էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:
Օրեր առաջ էլ ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ գագաթաժողովի օրերին կամ դրան կից անցկացվում է խաղաղության առաքելությանը մասնակցող երկրների ղեկավարների գագաթաժողով`«Վճռական առաքելություն», Հայաստանը հրավիրվում է մասնակցելու այդ ձևաչափով գագաթաժողովին՝ որպես Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկիր:
«Հայաստանը ՆԱՏՕ անդամ շատ երկրներից ավելի մեծ ներկայություն ունի Աֆղանստանում այս առումով, ուստի մենք հրավիրվում ենք մասնակցելու: Վարչապետի մասնակցության և չմասնակցության, Հայաստանի մասնակցության և չմասնակցության վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի»,- ասել էր Բալայանը:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը կրկին չհաստատեց Փաշինյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
«Ես կարող եմ հաստատել, որ վարչապետն այցելելու է Բրյուսել, հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարության հետ, ՆԱՏՕ-ի «Վճռական առաքելություն» ձևաչափով գագաթաժողովին ՀՀ վարչապետի կամ ՀՀ մասնակցության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,- նշեց Բալայանը:
Իսկ ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ Ն. Փաշինյանի այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում է: «Այս պահին այցի կոնկրետ օրակարգը հաստատման փուլում է գտնվում»,- հստակեցրեց Եղոյանը: