«Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել 30 տարվա ընթացքում». Դավիթ Շահնազարյան

«Ես կատեգորիկ հանաձայն չեմ, որ այսօր լայնածավալ պատերազմի հնարավորությունն Ադրբեջանի կողմից նույնն է, ինչ, ենթադրենք, մի քանի ժամանակ առաջ։ Ես համարում եմ, որ երբեք 30 տարվա ընթացքում, պատրաստ եմ դա ապացուցել, բոլոր բաղադրիչներով Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել»,- այսօր «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում» տեղի ունեցած «Դիրքային լուռ մարտեր և շիկացում հայ-ադրբեջանական սահմանին. սողացող պատերա՞զմ, թե՞ վերադիրքավորում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Տարածաշրջանային  հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը՝ հորդորելով չխոսել ադրբեջանական կամ հայկական պրոպագանդայից, այլ խոսել այն, ինչ կա իրականում։

Ըստ նրա՝ Նախիջևանի հատվածում «սահման» հասկացություն գոյություն չունի։ Դ.Շահնազարյանի խոսքով՝ դեմարկացիա կամ սահմանագծում ԽՍՀՄ օրոք Հայաստանի և Նախիջևանի կամ Արդբեջանի այդ հատվածի միջև չի կատարվել, այլ գոյություն ունեն դիրքեր, և պետք է զերծ մնալ «սահման» խոսքն օգտագործելուց։

ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համաձայնեց, որ այդ հատվածում չկա սահման, կան դիրքեր, որոնք փոփոխվում են և ավելի շատ փոփոխվում են հայկական կողմից։ Նա պնդեց, որ չնայած վերջին շրջանում ադրբեջանական դիրքերի փոխոխությունից, նրանց որևէ դիրքից որևէ հայկական բնակավայր կամ ճանապարհ՝ Երևան-Գորիս-Լաչին կամ Ստեփանակերտ, ուղիղ նշանառության տակ չի գտնվում.

«Որևէ մեկ միլիմետր ճանապարհ ադրբեջանական որևէ դիրքից ուղիղ նշանառության տակ չի գտնվում։ Հրազենային որևէ զենքով, այդ թվում՝ մեծ տրամաչափի գնդացիրներով, նշանառության տակ որևէ միլիմետր ճանապարհ չի գտնվում։ Կարող է՝ Արենի գյուղի ամենահարավարևելյան այգիներում կարող են փորձել 12-7 մմ-ով վնաս տալ։ Կստացվի, թե չի ստացվի, դժվար է ասել։ Բայց նույն Արենի գյուղից որևէ սեփական տուն մշտական ենթակա չէ նույն զինատեսակներով խոցման»։

Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ դիրքերի ընդհանուր թվի մեջ մեր դիրքերը շատ ավելի բարձր են, քան իրենցը, և հակառակորդի նոր փորձերը՝ ճանապարհներ կառուցելու, վտանգի տակ են, դիրքեր կան, որոնք ոչ մի կերպ իրենք չեն կարողանալու ճանապարհ սարքել։ Նա չբացառեց, որ մենք էլ որոշակի դիրքեր, որոնք առաջ են տրվել, չկարողանանք ենթակառուցվածքներով ապահովել, որովհետև հակառակորդն ակտիվորեն խանգարում է դրան. «Բայց այսօր իրենց նոր փորձերը դիրքերի տեսքով շատ ավելի վտանգված են, և վստահ եմ, առաջին իսկ ձյան հետ հալելու են գնան։ Դրա լավագույն ապացույցներից մեկը իմ հրապարակած տեսանյութն է»։

Ա.Հովհաննիսյանը հաստատեց, որ 2015-16 թթ. եղած ռազմատեխնիկական բալանսը, որ եղել է Ադրբեջանի օգտին, այսօր զգալիորեն կրճատված է. «Ես չեմ, ասում, որ մենք հասել ենք իրենց, բայց այսօր բավականին կրճատված է»։

«92 թվականից այս կողմ զանգակատան վրա մի փամփուշտ չէր արձակվել։ Ես գիտեմ բոլոր եղած դիրքերը մեկ առ մեկ։ Որո՞նք են փոփոխվել։ Այդ հարցի պատասխանը չեմ կարողանում ստանալ»,- հայտարարեց Դ.Շահնազարյանը։

Ա. Հովհաննիսյանը վստահեցրեց, որ, եթե նախկինում դիրքերի հեռավորությունն այնքան էր, որ հրաձգային զենքով չէր խոցվում, ապա այսօր էլ այնքան է, որ հնարավոր չէ հրաձգային զենքով խոցել։

Դ.Շահնազարյանի պնդմամբ՝ դիրքերի առաջխաղացում ոչ մի դեպքում չէր կարելի թույլ տալ, և 92թ.-ից այս կողմ չի եղել նման բան. «Ինչո՞ւ է դա թույլատրվել։ Ե՞րբ է դա եղել։ Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել դրա համար»։

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նշեց, որ արբանյակային պատկերներից հստակ երևում է, որ ապրիլին հայկական կողմն է դիրքերն առաջ տարել, մայիսին՝ ադրբեջանական, և նրանք կառուցել են ընդհանուր 7 ճանապարհ։ Նրա կարծիքով՝ հանելուկ է, թե ինչպես են կարողացել Արենիի դիրքը ձեռք բերել, որովհետև դա մայիսի 17-25-ն ընկած ժամանակահատվածում մխրճվել են բարձունքների վրա գտնվող հայկական 2 դիրքերի միջև. «Դա անհասկանալի է և պարզաբանում է պահանջում, որովհետև միակ լուրջ բացթողումն է։ Մնացած ադրբեջանական քարոզչական աղմուկը, իհարկե, ծիծաղելի է»։

Տեսանյութեր

Լրահոս