«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ». Աղվան Հովսեփյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ եւ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։
Ա.Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին եւ հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության եւ արդարադատության ապահովման։
«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել:
Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել ։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն.դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով եւ հմտություններ։
Ամեն մի դրական քայլին սիրով եւ բարեսրտությամբ կհետեւեմ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը ու ավելացրել. «Ուզում եմ, որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում: Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն և ամենակարևորը, որ կարողանան պահպանել ու հետևողականորեն զարգացնեն քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը»: ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից,օրենսդիր իշխանությունից, սակայն կարեւորել է նաեւ ներքին անկախությունը։
«Ձեր ինքնուրույնության դրսեւորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել՝ գործեք օրենքով»` դիմելով ՔԿ ծառայողներին ասել է ՔԿ նախագահը եւ կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։
«Սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռու մնաք հասարակական կյանքից։ Ապրել հասարակության մեջ եւ չլինել դրա մի մասնիկը անհնար է։ Միշտ փորձեք զգալ հասարակության շունչը, սակայն կարողացեք տարանջատել՝ հասարակական գործունեությունն ու ակտիվությունը՝ քաղաքականությունից»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։ Աղվան Հովսեփյանն իրավապահ համակարգում մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո։
Աշխատել է նախ Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ, ապա 1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում, նախ՝ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական:
1986 թվականից մասնագիտական գործունեությունը շարունակել է դատախազության համակարգում, որտեղ պաշտոնավարել է մինչեւ 2013 թվականը։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։
2013 թվականին լրացել է պաշտոնավարման ժամկետը եւ նույն թվականին նշանակվել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Ա.Հովսեփյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական եւ հասարակական ակտիվ գործունեությամբ։