«ԼՂ հակամարտության կարգավորման առաջիկա բանակցությունները գուցե որոշիչ դառնան հայ-թուրքական հարաբերությունների համար ևս». Բասքըն Օրան

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն կողմերին, այլև Արևմուտքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս հեռանկարներին:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, ասել էր, որ Հայաստանի կողմից բավական մեծ քաղաքական դիվանագիտական ներդրում էր կատարվել այս ուղղությամբ, որը ոչ ՀՀ-ի պատճառով, Թուրքիայի պատճառով խափանվեց, ինչը չափազանց մեծ վնաս բերեց այս հարցի հանգուցալուծմանը:

«Ներկա դրությամբ, եթե սխալվում եմ՝ ուղղեք ինձ, ես չեմ լսել որևէ հայտարարություն, որը հուսադրիչ լինի, որ մենք կարող ենք որևէ հիմքեր ունենալ ենթադրելու, որ կա պատրաստակամություն մյուս կողմից: Մենք եղել և մնացել ենք այն սկզբունքների մեջ, որ մենք պատրաստ ենք ունենալ բարիդրացիական հարաբերություններ հարևանի հետ, ի վերջո, աշխարհագրությունը չի փոխվում, առանց նախապայմանների, բայց նաև շատ լավ, հստակ գիտենք, որ կան իրողություններ: Մենք չենք անում դա՝ ի վնաս մեր շահերի, և պատրաստ չենք դա անելու՝ ի վնաս մեր շահերի»,- ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ այն, ինչ Հայաստանն ասում է, բխում է բոլորի շահերից, և բխում է տարածաշրջանի կայունության շահերից, բայց պատրաստ չէ և երբևէ պատրաստ չի եղել անելու դա՝ ի վնաս իր շահերի:

«Բանաձևը բարիդրացիական հարաբերություններն են հարևանի հետ տարածաշրջանի կայունության համար՝ ի շահ բոլոր հարևանների, բոլոր անդամների այս տարածաշրջանում, բայց ոչ՝ ի վնաս մեր շահերի: Մենք չենք արել և չենք անելու որևէ բան, որը վնասում է մեր շահերին: Եվ վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ այդ շահերի մեջ ունենք որոշ գործոններ, որոնք շատ սկզբունքային են, շատ կարևոր են մեզ համար: Եվ կան որոշ հարցեր, որոնք մենք առաջ չենք բերել՝ որպես նախապայման մեր հարաբերությունների բարելավման համար»,- նշել է նախարարը:

Թուրք քաղաքական վերլուծաբանն ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից և հնչեցված գնահատականներից հետո թուրք իշխանությունների շրջանում ծավալվում են քննարկումներ կարգավորման հեռանկարների մասին:

Նրա վստահեցմամբ՝ կա ցանկություն կարգավորել հարաբերությունները:

«Բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ երկու կողմերն էլ կարգավորումը պատկերացնում են միմիայն իրենց ազգային շահերի շրջանակում: Անզիջում մոտեցում կա և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի մոտեցումներում: Բայց Թուրքիայի համար իր հարևանության այս բարդ ժամանակահատվածում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կամ կարգավորմանն ընդառաջ քայլը կդառնար դիվանագիտական հաղթանակ մի քանի ասպեկտով` և Արևմուտքի հետ հարաբերությունների, և քրիստոնյա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, և ներքին:

Կարծում եմ` սա հասկանում են նաև Թուրքիայի իշխանությունները, հենց այդ պատճառով հարաբերություններն էլ ավելի սրող հայտարարություններ չեն արվում: Ի վերջո, Թուրքիայի վարչապետը վերջերս ասաց, որ թուրքական կողմը պատրաստ է նոր էջ բացել հայ-թուրքական հարաբերություններում, եթե հայկական կողմը պատրաստ լինի զիջումների, քանի որ ընդգծեց, որ կարգավորումը Թուրքիան պատկերացնում է միայն իր ազգային շահերի շրջանակում: Սա մեծ դրական ազդակ կդառնար:

Ի վերջո, այս հարաբերություններում ներկայումս միակ լուրջ խոչընդոտն Ադրբեջանն է, առանց ԼՂ հակամարտության՝ հայ-թուրքական կարգավորումը տեղի կունենար շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ, ինչպես երևում է ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից, եթե չլինի ԼՂ հակամարտության կարգավորման թուրքական նախապայմանը, Հայաստանը Թուրքիային մեր կողմի համար անընդունելի պայմաններ առաջ չի քաշի, և կսկսվեն կառուցողական քննարկումներ»,- ասաց Օրանը:

Թուրք քաղաքագետի խոսքով՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունները կարգավորման հույս են ներշնչում:

«Եթե սկսվի լավ աշխատանք բանակցային սեղանին, ապա կարծում եմ` զուգահեռաբար կարող է սկսվել հայ-թուրքական կարգավորման գործընթաց, գուցե այս նախապայմանից հրաժարվեն Թուրքիայի իշխանություններն ադրբեջանական կողմի և Արևմուտքի հորդորով, քանի որ, քանի դեռ բանակցային գործընթացը կարգավորման շուրջ զրոյական կետում է, հայ-թուրքական հարաբերություններն առաջ չեն շարժվի:

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ իշխանությունները փորձում են որոշ գործընթացներ նախաձեռնել, եթե ղարաբաղյան ուղղությամբ կա նախաձեռնություն, կլինի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, քանի որ այս հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն՝ կողմերին, այլև՝ Արևմուտքին:

Ուստի հույսեր կան, որ այս տարեվերջին և մյուս տարվա սկզբին իրավիճակն ավելի հստակ կլինի բոլոր կողմերի համար, քանի որ որոշիչ են լինելու ԼՂ հակամարտության կարգավորման առաջիկա բանակցությունները»,- ասաց թուրք գործիչը:

Տեսանյութեր

Լրահոս