«4000 դրամով այդ ի՞նչ լանչ պետք է լինի, մեկական գա՞ռ պետք է մատուցեն ամեն մի երեխայի համար». Սփյուռքի նախարարությունը կասեցնում է 3 խոշոր ծրագրերի մեկնարկը
ՀՀ սփյուռքի նախարարության երեք խոշոր ծրագրերի մեկնարկը ժամանակավորապես կասեցվում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ «Արի տուն», «Ամառային դպրոց» և «Իմ Հայաստանը» ծրագրերը հետաձգվում են։
Նախարարը նշեց, որ իրենք ի սկզբանե չեն ցանկացել կասեցնել ծրագրերը, սակայն խորանալով դրանց մեջ՝ կոռուպցիոն ռիսկեր են նկատել։ Ըստ նրա՝ միտում են տեսնում, որ գումարներ կարող են մսխվել։ Մ. Հայրապետյանն այս հարցով դիմել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, և ՊՎԾ-ն առաջիկայում աուդիտ է իրականացնելու նախարարության բոլոր ծրագրերի մասով։
Նա ասաց, որ ծրագրերը շատ են, սակայն իրենք թիրախավորել են խոշորները, որոնց համար միլիոններ են տրամադրվել։
Նախարարի խոսքով՝ «Արի տուն» ծրագրով, օրինակ, ամեն երեխայի համար տրամադրվում է 8000 դրամ՝ երկուանգամյա սննդի համար. «4000 դրամով այդ ի՞նչ լանչ պետք է լինի, մեկական գա՞ռ պետք է մատուցեն ամեն մի երեխայի համար, սև խավիա՞ր պետք է տան։ Ամեն դրամը, որ հարկատուն մեզ է վճարել, պետք է առավել մտածված ու հաշվետու ծախսվի»։
Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրի համար բյուջեով նախատեսված է եղել 92 միլիոն դրամ, «Ամառային դպրոցի» համար՝ 113 միլիոն դրամ, «Իմ Հայաստանը» ծրագրի համար՝ 85 միլիոն դրամ։ Դեռ պարզ չէ, թե այդ ծրագրերը երբ կմեկնարկեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։