Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնն ասել է․

«Ուրախ եմ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների և խորհրդարանական գործընթացի միջոցով և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Շնորհիվ բոլոր ներգրավված կողմերի՝ վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ծավալվեցին խաղաղ ճանապարհով և հիմնականում առանց միջադեպերի:

Կարևոր է, որ բոլոր կողմերի ցուցաբերած զսպվածությունը և հմուտ կառավարումը շարունակվի, և քաղաքական գործընթացն առաջ ընթանա՝ հիմնվելով ամուր սահմանադրական և իրավական հիմքերի վրա:

Վերջին 12 ամիսների ընթացքում Հայաստան կատարած իմ երկու այցելությունների ընթացքում ես անձամբ եմ ծանոթացել երկրի հարուստ պատմությանը և մեծ ներուժին: Իմ հանդիպումների ընթացքում ես հատկապես տպավորվել եմ այն երիտասարդներով, որոնք վճռական են կերտելու Հայաստանի պայծառ ապագան:

Միացյալ Թագավորությունը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, պատրաստ է աջակցել ժողովրդավարության ամրապնդման, լավ կառավարման և հավասար տնտեսական հնարավորությունների բարելավման իր ջանքերին»:

Տեսանյութեր

Լրահոս