ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի ղեկավարը ժամանում է ԿԺԴՀ
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դեւիդ Բիզլին պաշտոնական այցով ժամանում է Հյուսիսային Կորեա, որպեսզի քննարկի այդ երկրի պարենային անվտանգության հարցը: Հումանիտար կազմակերպության՝ մայիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ Բիզլին Հյուսիսային Կորեայում կլինի մայիսի 8-ից մինչեւ 11-ը:
«Պարենավորման համաշխարհային ծրագիրը վերջին երկու տասնամյակների ընթացքում ակտիվորեն աշխատել է ԿԺԴՀ-ում՝ օգնելով ապահովելու երկրի պարենային անվտանգությունը եւ անհրաժեշտ սննդամթերք տրամադրելով կանանց եւ երեխաներին»,- նշված է ՊՀԾ-ի հայտարարության մեջ: Սպասվում է, որ կազմակերպության ղեկավարն այցի ընթացքում կայցելի մանկապարտեզներ եւ դպրոցներ, ինչպես նաեւ կհանդիպի կառավարական պաշտոնյաների հետ:
Տեղեկատվություն այն մասին, թե սպասվում է արդյոք Բիզլիի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, չկա: ՊՀԾ-ի ղեկավարի ուղեւորությունը Փհենյան կդառնա նրա ասիական շրջագայության մի մասը, որի ընթացքում Բիզլին նաեւ կայցելի Հարավային Կորեա, Չինաստան եւ Ճապոնիա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: